Բրիտանուհին հին իրերի մեջ մետաղադրամ է գտել, որն աճուրդի կհանվի 100.000 ֆունտ ստերլինգ մեկնարկային գնով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի բնակչուհին հին իրերի մեջ մետաղադրամ է գտել, որն աճուրդի կհանվի 100 հազար ֆունտ ստերլինգ մեկնարկային գնով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կինը պատրաստվում էր դեն նետել ձեղնահարկում գտած տուփը, որում հին մետաղադրամներ են եղել, սակայն վերջին պահին որոշել է հանձնել այն գնահատիչին, որն էլ պարզել է իրի արժեքը:
Յորքշիրի 69-ամյա բնակչուհին, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ժառանգել է հազվագյուտ մետաղադրամն իր պապից: Սկզբում նա ուզում էր դեն նետել այն, սակայն, կատարելով իր թոռների խնդրանքը, կինը որոշել է ստուգել դրա արժեքը հնությունների գնահատման կայքում:
Կայքի փորձագետները տեղեկացրել են կնոջը, որ մետաղադրամը պատրաստվել է 1644 թվականին՝ Կառլոս Առաջին թագավորի կառավարման օրոք, և գտնվում է լավ վիճակում:
Նշվում է, որ մետաղադրամն աճուրդի կհանվի 100 հազար ֆունտ ստերլինգ նվազագույն գնով:
Կնոջ խոսքով՝ ինքը պատրաստվում է մետաղադրամի վաճառքի գումարով կրուիզի մեկնել և օգնել իր հղի թոռանը հիփոթեք վերցնելու հարցում: