World News

Թուրքիայի քրդաբնակ նահանգներում նախագահի պաշտոնում տեսնում են Դեմիրթաշին, Էրդողանը զիջում է նրան 1 տոկոսով

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քաղաքացիների շրջանում ամենամեծ աջակցությունը վայելող քաղաքական ուժը քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն է, գրում է diken.com.tr կայքը՝ հղում անելով SAMER հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումներին։

Ըստ քրդաբնակ 13 հահանգում անցկացված հարցումների՝ երկրի այս հատվածում քրդամետ կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 39 տոկոսը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը աջակցում է հարցվածների ընդամենը 33,7 տոկոսը։

Ընդդիմադիր ժողովրդահանրապետականներին քրդաբնակ շրջաններում աջակցում է հարցվածների 8,4 տոկոսը, իշխանությունների կոալիցիոն գործընկեր և «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 4,7 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Լավ» կուսակցությանը՝ 3,7 տոկոսը։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին՝ այստեղ աջակցություն վայելող հիմնական թեկնածուն կրկին քրդամետների կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշն է, ում պատրաստ է ձայն տալ հարցվածների 39 տոկոսը։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան զիջում է ընդամենը 1 տոկոսով։


Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 24-ին։

Читайте на сайте