Ես խնդիր եմ դրել, որ որևէ տնօրեն որևէ պարագայում իրեն թույլ չտա քաղաքական գործունեություն ծավալել դպրոցի տարածքում. Կոտայքի մարզպետ
Արդեն շուրջ 7 մարզային դպրոցից, որտեղ առաջիկա 3-5 ամիսների ընթացքում պետք է տնօրենի ընտրություն լինի, հետ եմ կանչել նախկին մարզպետի ներկայացրած՝ խորհրդի երկուական անդամներին, սովորաբար խորհուրդն ունենում է 8 անդամ, երկուսին մարզպետն է նշանակում: Այս մասին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով դպրոցների ապակուսակցականացման ու ապաքաղաքականացման խնդրին:
«Ես իմ պաշտոնավարման 3-րդ, 4-րդ օրը հրավիրել եմ մարզային ենթակայության տակ գտնվող շուրջ 90 միջնակարգ և հիմնական դպրոցների տնօրեններին հանդիպման, և հանդիպման օրակարգային թիվ մեկ խնդիրը դպրոցների տոտալ ապաքաղաքականացումն էր: Շատերը պնդում էին, որ կարելի է ձևակերպել ապակուսակցականացում, բայց դա ապաքաղաքականացում է: Հանրակրթական այդ հաստատությունների խնդիրը մեր սերնդի դաստիարակումն է: Առավել ևս անչափահաս տարիքի սերնդի դեպքում խնդիր կա ոչ թե ապակուսակցական, այլ ապաքաղաքական դպրոց ունենալու, որտեղ տնօրենը որևէ կերպ չի ուղղորդի մանկխորհին՝ ընտրելու այս կամ այն թեկնածուին, այս կամ այն քաղաքական ուժին: Առավել ևս, խոսք չի կարող լինել տնօրենների տոտալ կուսակցականացման մասին»,-պարզաբանել է Կոտայքի նորանշանակ մարզպետը:
Նրա վստահեցմամբ՝ դպրոցների տնօրենների մեծ մասը նախկինում իշխող կամ հարակից այլ կուսակցությունների անդամներ են: Եվ դա նախապայման է եղել վերջիններիս ընտրման կամ նշանակման համար:
«Ես խնդիր եմ դրել, որ որևէ տնօրեն որևէ պարագայում, ելնելով նախարար Հարությունյանի և իմ հորդորներից, իրեն թույլ չտա քաղաքական գործունեություն ծավալել դպրոցի տարածքում, դպրոցի տարածքը, դպրոցի դահլիճները տրամադրել որևէ քաղաքական ուժի, որն օրենքով ևս արգելված է: Ինչպես նաև մի շարք հորդորներ են հնչել դրամահավաքների, ֆոնդերի, ստվերային գործարքների մասին: Անդրադարձ է եղել նաև տնօրենների ընտրություններին խորհուրդների ոչ պատշաճ, ստվերային մտադրություններով տնօրեններ ընտրելու արատավոր մեխանիզմներին»,-ասել է նա։
Հարցին, թե խորհուրդներում իր նշանակած անձինք էլ չե՞ն համարվի «մարզպետի մարդիկ», Ռոմանոս Պետրոսյանն ասել է, թե ինքն այդպես չէր բնորոշի:
Խորհուրդներում ընդգրկել է մարդկանց, որոնք հասարակությանը հայտնի, ակտիվ, ընդդիմադիր և անաչառ հայացքների տեր են, ցանկացած գործող իշխանության նկատմամբ ընդդիմադիր: Նրա ձևակերպմամբ՝ ցանկացած իշխանություն պետք է ունենա ընդդիմություն, և իրենք էլ ունեն, որոնց էլ նշանակել է դպրոցների խորհուրդներում:
Մարզպետը, խոսելով իր պաշտոնի կուսակցականության մասին, ասել է, թե գործունեության ընթացքում կուսակցականությունը չպետք է դրսևորվի ուղղակիորեն. «Անուղղակիորեն կուսակցականության հետ առնչվում է այդ պաշտոնը, քանի որ քաղաքականությամբ է կառավարում իրականացվում երկրում, մարզպետներն էլ ինքնըստինքյան պետք է լինեն քաղաքական թիմի ներկայացուցիչներ, քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչներ, որպեսզի լավագույնս պրոյեկտեն քաղաքական ուժի կենտրոնականությունների համապետական ծրագրերն իրենց մարզերում»: