Որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ հարցը լուծված է, քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան և չեն լինի. Տիգրան Ավինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց մենաշնորհների վերացմանն ուղղված քայլերից:
«Հայտարարված մենաշնորհների վերացում հասկացությունը պետք է ամրագրված լինի կառուցակարգերում»,-ասաց նա և նշեց, որ որպեսզի ակնկալիքներն ապահովվեն, պետք է հարթակներ ստեղծվեն, որտեղ հստակ նշվի, թե ինչպիսի իրավիճակ կա:
«Պետք է հստակ իմանալ, թե 20 000 ապրանքատեսակից քանիսն է այլևս մենաշնորհից զերծվել, և ցանկացած տնտեսվարող կարող է ներկրել ցանկացած ապրանք և արտադրել»,-ասաց նա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ հարցի լուծման համար կա 2 հիմնական կոմպոնենտ՝ 1 քաղաքական է, մյուսը՝ ինստիտուցիոնալ:
«Քաղաքական մասով որևէ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չի մնացել, որ հարցը լուծված է, այսինքն՝ քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան և չեն լինի»,-ասաց նա: Ինստիտուցիոնալ մասով փոխվարչապետն ասաց, որ պետք է գործեն համապատասխան մարմիններ, դրանցից մեկն օրինակ ՏՄՊՊՀ-ն է, որոնք արդեն իսկ, Ավինյանի պնդմամբ, սկսել են գործել: «Փոքր-փոքր, բայց որոշակի արդյունքներ ցույց են տալիս: Աշխատանքերը սկսել են այս մասով, և կցանականայի նաև ձեր առաջարկները լսել»,-նկատեց նա:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց, որ ժողովուրդը վստահ է, որ քաղաքական կամքը ապահովված է, բայց, ըստ նրա, իրական կյանքում պետք է կարողանան հաջորդ քայլերը իրականացնել: «Պետք է ստեղծել հնարավորություն, որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ սահմանին խնդիր կարող է լինել, հարթակներ պետք է ստեղծենք, հիմնավորենք ազատության աստիճանը, որ այլևս ՀՀ-ում մենաշնորհներ չկան»,-ասաց նա, ապա հավելեց, որ գրավոր կներկայացնի առաջարկների փաթեթը, որի կիրառման դեպքում հաջողություններ կգրանցվեն: