World News

«Առաջարկում եմ Արցախի հիմնախնդրով փակ քննարկում անցկացնել, որ կարողանանք լինել և՛ միասնական, և՛ դուխով». Ա. Աշոտյանը՝ ԱԳ նախարարին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցը՝ ուղղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին, վերաբերում էր Մինսկի խմբի համանախագահների այցին:

«Կխնդրեմ մանրամասն հայտնել՝ արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է նոր բանակցային մոտեցումների՝ մասնավորապես ԼՂՀ-ն բանակցային մաս դիտարկելու նոր ռազմավարության մասին: Տեղեկացրե՞լ եք արդյոք ադրբեջանական զինուժի կուտակումների մասին ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը»,-հետաքրքրվեց նա:

Նախարար ՄՆացականյանը նշեց, որ երկու հարցերին էր «այո, այո» կարող է պատասխանել:  

«Դա շատ բնական է, որովհետև առաջինը՝ մենք բավական հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ ԼՂՀ-ն զբաղեցնում է իր հստակ տեղը: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերում է մեր հետևողականությանը ԼՂՀ մասով բանակցային գործընթացում, որ այս փուլում գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավելու գործընթացում»,-ասաց նա:

Նախարար Մնացականյանը նշեց, որ համանախագահների այցը ճանաչողական բնույթի է եղել:

«Բացի այդ, նաև բավական հստակ ենք արտահայտել այն հիմնական դրույթները, որ վերաբերում է մեր հավատարմությանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նաև մեծ ուշադրություն է տրվել խաղաղությանը նպաստող մթնոլորտին»,-ասաց նա և նշեց, որ ներկայացվել են ադրբեջանական գործողությունները, որոնք վկայում են հակառակի մասին:

Զոհրապ Մնացականյանը նշեց, որ ուշադրություն են հրավիրել շփման գծում տեղի ունեցող իրավիճակի վրա, հստակ ընդգծել են, որ հայկական կողմից ունեցած զոհը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա:

«Սա չի կարող աննկատ անցնել ու չազդել որոշումների վրա»,-ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ հատուկ կցանկանար շեշտել իր գոհունակությունը, որ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովի մասին ևս եղել է հիշատակում:

Բացի այդ, Արմեն Աշոտյանն առաջարկեց խորհրդարանական դիվանագիտությանը ևս ընդգրկել հարցերի քննարկմանը, որպեսզի միասին տարբերակեն առաջնահերթությունները:

Ըստ նրա՝ պետք է փակ քննարկում անցկացնել բացառապես Արցախի հիմնախնդիրներին վերաբերող թեմայով և այդկերպ մասնակից դարձնեն ԱԺ պատվիրակության ղեկավարներին։

«Որպեսզի մենք կարողանանք Արցախի հիմնախնդրի հետ կապված լինել և՛ միասնական, և՛ խրոխտ, և, ինչպես ասում են՝ դուխով»,-ասաց նա:

Մնացականյանն ասաց, որ միանշանակ հավատարիմ է մնում համագործակցությանը՝ բարձր գնահատելով նման ներդրումն այս գործընթացում:

«Կշարունակենք երկխոսությունը, որպեսզի խորհրդարանական հարթակը մաքսիմալ օգտագործենք էֆեկտիվ»,-ասաց նա:

Читайте на сайте