Թուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանի ընտանիքի՝ օֆշորների հետ կապը բացահայտելու համար պետք է բարոյական փոխհատուցում վճարի
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ստիպված կլինի բարոյական փոխհատուցում վճարել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների՝ օֆշորային կազմակերպությունների հետ կապն ապացուցող փաստաթղթերի հրապարակման համար, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Ստամբուլի թիվ 9 «Անադոլու» դատախազության հրապարակած վճռի համաձայն՝ նշված անձանց անձնական տվյալների հրապարակման ու անձնական կյանքի գաղտնիության խախտման, ինչպես նաև նրանց զրպարտելու համար ընդդիմության առաջնորդը պետք է 142.000 թուրքական լիրայի չափով տույժ վճարի։
Հիշեցնենք, որ 2017-ի ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։ Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
Անցյալ տարվա նոյեմբերին էլ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները, այդ թվում փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: