World News

ԵԿՄ-ն օջախ է, պետք չէ մեկի պատճառով բոլորին գող ու ավազակ պիտակավորել, ԵԿՄ-ն պետք է պահել. Ռազմիկ Պետրոսյան

Ես երբեք Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու հավակնություն չեմ ունեցել, չունեմ, չեմ էլ ունենալու. որքան էլ նեղացած ենք եղել, այն օջախ է, սրբավայր, մեկի արածը պետք չէ բոլորին վերագրել, ԵԿՄ-ն պետք պահել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ԵԿՄ վարչության նախկին անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե երեկ ինչո՞ւ են եղել ԵԿՄ կենտրոնական գրասենյակում և ի՞նչ են քննարկել ԵԿՄ անդամների , փոխնախագահի հետ:

«Կառույցի հասցեին հնչող յուրաքանչյուր բան յուրաքանչյուր ազատամարտիկի պատվի խնդիր է. նրանք , ովքեր հանցավոր համաձայնության մեջ են եղել Մանվելի հետ, թող իրավապահների առաջ պատասխան տան, բայց պետք չէ ամբողջ ԵԿՄ-ն պիտակավորել, բոլորին գող ու ավազակ ասել: ԵԿՄ այն անդամները, ովքեր վերջին 10-15 տարվա ընթացքում դուրս են եկել, այդ թվում՝ նաև ես, պետք է համախմբվենք, կռված տղերքով մեր օջախի պատիվն ու արժանապատվությունը վերականգնենք , նախաձեռնող խումբն էլ դրա համար է ստեղծվել: Պետք է ԵԿՄ-ն ծառայեցնել իր նպատակին, վերջին տարիներին շեղվել էր, 180 հոգանոց կեղծ վարչություն էր ձևավորվել, որոշ անդամներ ընդհանրապես ազատամարտի հետ կապ չունեին»,-շեշտեց նա:
 
Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի , ԵԿՄ մի շարք անդամների հետ քննարկել են ԵԿՄ արտահերթ համագումարի հարցը:

Ազատամարտիկի կարծիքով՝ պետք է ոչ թե ԵԿՄ նախագահ ընտրել, այլ վարչության համակարգող խումբ: Ռազմիկ Պետրոսյանն ասաց,որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանին ևս փորձելու են ներգրավել իր կողմից նշված գործընթացներում:

Ազատամարտիկն անընդունելի է համարում այս պահին ԵԿՄ-ից ազատամարտի իրական մասնակիցների արտահոսքը, բայց նաև ԵԿՄ-ն ազատամարտի հետ կապ չունեցողներից մաքրելու անհրաժեշտություն է տեսնում. նրա խոսքով՝ պետք է վերադառնան նրանք, ովքեր եղել են դեռ Վազգեն Սարգսյանի կողմից հիմնադրման ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում ԵԿՄ-ն զինաթափելուն , ապա շեշտեց, որ դրա կողմնակիցը միշտ եղել է: Ըստ նրա `ոչ միայն ԵԿՄ անդամները պետք է զենքերը հանձնեն, այլև բոլոր այն ազատամարտիկները, ովքեր զենք ունեն, քանի որ բանակը զինված է կարող է իր առջև դրված խնդիրը լուծել:

«ԵԿՄ-ն նրա համար չէ, որ զենք պահեն, պետք է կարողանանք առաջինը կանոնադրական գործունեությունը վերականգնել, զոհվածների , հաշմանդամություն ունեցողների սոցիալական խնդիրները լուծել»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր։

Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը,  այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից։ Մանվել Գրիգորյանը կալանավորվեց։

Читайте на сайте