ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի և Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունենալու ՀՀ տնտեսության վրա․ Ս․ Սարգսյան (տեսանյութ)
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից տուժելու է նաև Հայաստանի տնտեսությունը։ ՌԴ-ի մասով մասնավոր տրանսֆերտների առումով, իսկ Իրանի դեպքում՝ առևտրի և տնտեսական հարաբերությունների առումով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Միացյալ Նահանգներն արդեն մի շարք պատժամիջոցներ սահմանել է ՌԴ-ի նկատմամբ, որից հետո ռուսական ռուբլին սկսել է արագ տեմպերով արժեզրկվել։ Այժմ ԱՄՆ-ն հայտարարել է պատժամիջոցների երկրորդ փուլի մասին։
«Սա ծրագրված քայլ էր. թուլացնել ՌԴ տնտեսությունը և ազդեցությունը տարածաշրջանում։ Թրամփ-Պուտին հանդիպումն էական փոփոխություն չէր կարող բերել այս հարցում, պատժամիջոցները ԱՄՆ կոնգրեսն է սահմանել և ոչ թե նախագահ Թրամփը։ Ռուս-ամերիկյան լարված հարաբերություններն ավելի խորանալու են»,- նշեց նա։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցները Հայաստանի վրա մեծ ազդեցություն են ունենալու․ դրանից տուժել է հայկական տնտեսությունը, մասնավորապես, տրանսֆերտները էապես կարող են կրճատվել։
ԱՄՆ-ն նաև հայտարարել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին և այսօր նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցն Անկարա։
«Միայն հայտարարությունից հետո թուրքական լիրայի արժեզրկումը սպասելի էր։ Թրամփն էլ նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան չի ցանկանում ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները շարունակել։ Ընդհանրապես, վերջին տասնամյակի թուրք-ամերիկյան հարաբերությունները վայրիվերումներով են եղել, և այս ֆոնին ջերմանում են ռուս-թուրքական հարաբերությունները։ Նրանք մի շարք ընդհանուր շահեր ունեն, այստեղ զարմանալու ոչինչ չկա»,- ասաց ամերիկագետը։
Ս․ Սարգսյանի կարծիքով՝ այս լարվածությունը չի վերածվի ակտիվ ռազմական գործողությունների։ Ըստ նրա՝ կողմերն իրար զիջելու բավականին շատ բան ունեն, շահերը շատ են բախվում․ «Եթե ինչ-որ ռազմական գործողություններ էլ լինեն, ապա միայն Սիրիայում, բայց չեմ կարծում, որ այլ տարածք տեղափոխվեն»։
Նա նաև նկատեց, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սպասվելիք խիստ պատժամիջոցները ևս հարվածելու են ՀՀ տնտեսությանը․ հնարավոր է դրանից հետո հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը վերանայման կարիք ունենա, բարդանա առևտուրն Իրանի հետ։
«ԱՄՆ վերջին 25 տարիներին երկընտրանք չի դրել Հայաստանի առջև ՀՀ-Իրան և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների առումով։ Այստեղ, կարծում եմ, ԱՄՆ-ում հայ լոբիստները մեծ անելիք ունեն, որպեսզի ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները շատ ավելի ծանր վիճակի չբերի Հայաստանին։ Պետք է այնպես աշխատենք ԱՄՆ գործընկերների հետ, փոխհատուցման մեխանիզմներ գտնենք, Իրանի պատժամիջոցներից կրած վնասի համար։ Դա կարող էր լինել Հազարամյակի մարտահրավերները, բայց Հայաստանը չընդգրկվեց, քանի որ ավելի հարուստ է։ Թե որքանով է Վրաստանից ավելի հարուստ, որն ընդգրկվեց այդ ծրագրում, թողնում եմ ձեր հայեցողությանը»,- ասաց Սուրեն Սարգսյանը։