World News

Իրանի ու ՌԴ-ի դեմ պատժամիջոցները լուրջ ազդեցություն կթողնեն ՀՀ տնտեսության վրա. Սուրեն Սարգսյան

100 օրը բավականին փոքր ժամանակահատված է, որ ՀՀ-ի նկատմամբ աշխարհում էապես վերաբերմունք փոխվի, այդ թվում նաև միջազգային գործընկերների մոտ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ին մեծապես գնահատական են տալու այն ժամանակ, երբ արդեն կլինեն տարին ամփոփոխ մի շարք միջազգային զեկույցներ՝ կապված մարդու իրավունքների, խոսքի ազատության, տնտեսական զարգացման և այլնի հետ: Ինչ վերաբերում է արտաքին զարգացումներին, միջազգայնագետն ասաց, որ կան շատ կարևոր գործոններ միջազգային ասպարեզում, որոնց հետ պետք է հաշվի նստել:

«Կարևոր են նաև տարածաշրջանային զարգացումները, գերտերությունների փոխհարաբերությունները: Պետք է առանձնացնել ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները լարված են և դեռ շարունակում են լարվել: Նոր պատժամիջոցների ալիք է սպառնում նաև Իրանին՝ էներգետիկ ոլորտում, որը Հայաստանի համար ևս կարող է խնդրահարույց լինել»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ արդեն իսկ կան միջազգային բիզնես կազմակերպություններ, որոնք իրանական շուկայից դուրս են գալիս, որպեսզի խուսափեն պատժամիջոցների տակ հայտնվելուց: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ հայտարարել էր, որ հայկական կազմակերպությունները, եթե իրանական կազմակերպությունների հետը բիզնես են ցանկանում անել, ապա կոնսուլտացիա պետք է իրականացնեն ԱՄՆ դեսպանատան հետ, որպեսզի պատժամիջոցների վտանգի տակ չլինեն:

«Այս ամենը հաշվի առնելով էլ՝ ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում իրավիճակը լարվելու է, գերտերությունների հարաբերությունները լարվելու են: Իհարկե, ՀՀ-ն տնտեսական առումով ունենալու է բավականին լուրջ խնդիրներ՝ կապված Իրանի ու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետ: ՌԴ-ի հետ մենք հարյուրավոր թելերով կապված ենք՝ գտնվում են մեկ պաշտպանական ու տնտեսական համակարգի մեջ: Ակնհայտ է, որ ՌԴ տնտեսության մեջ ցանկացած վայրիվերում՝ ռուբլու տատանում, նավթի գնի տատանում, բավականին լուրջ ազդեցություն են ունենալու ՀՀ տնտեսության վրա»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետը հնարավոր վտանգներից խուսափելու համար հորդորում է սերտ աշխատել ԱՄՆ-ի հետ, որպեսզի հայաստանյան տնտեսությունը վնաս չկրի առկա իրավիճակից: Նրա կարծիքով՝ օգնությունը կարող է լինել ՀՀ-ին ֆինանսական աջակցության կամ այլ փոխհատուցումների տեսքով:

Читайте на сайте