World News

«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն շրջել է Շենգավիթ վարչական շրջանում, ներկայացրել «Արդարություն և օրենք» կարգախոսը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Շենգավիթ վարչական շրջանում:

Զարուհի Փոստանջյանը շրջել է մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարակից տարածքներում, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից:

Զարուհի Փոստանջյանը համայնքի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով քայլել է և քաղաքացիներին ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, «Արդարություն և օրենք» կարգախոսը՝ վստահեցնելով, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին: Նա պատասխանել է բազմաթիվ քաղաքացիների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աղբահանության, տրանսպորտի, առողջապահության, սոցիալական խնդիրներին և աշխատատեղերի ստեղծմանը:

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը քարոզչական խմբի հետ եղել է «Կարմիր բլուր» հնավայրում, որտեղից ուղերձ հղեկ հանրությանը, որ քաղաքապետ ընտրվելու պարագայում Զարուհի Փոստանջյանը լիովին կօգտագործի ինչպես մյուս մշակութային օջախների, այնպես էլ «Կարմիր բլուր» հնավայրի ներուժը, որը կդառնա թե՛ գիտական ու կրթական, և թե՛ մշակութային ու զբոսաշրջության կենտրոն: Երևանի քաղաքապետի թեկնածուն նշել է, որ բարձունքից տեսանելի են մեր երկու հզորությունները՝ Արարատն ու Արագածը, և նրանցից ստացած ուժը պետք է փոխանցենք մեր քաղաքի ապագա կառուցմանը: Ապա ցույց տալով, որ թիկունքում գտնվում է Եռաբլուրը՝ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ նրանում հանգստությամբ ամփոփված Զորավար Անդրանիկը և մեր մյուս հերոսները մեզ պարգևեցին անկախություն և ազատագրված Հայաստան, սակայն առջևում դեռ ունենք մեծ կռիվ և Մեծ Ազատագրում...

Շարունակելով քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը այցելել է Չարբախի փոս, Նորագավիթ և Աէրացիա թաղամասեր:

Читайте на сайте