Հին Երևանը գողացել են մեզանից, պատմական շենքերը կեղծ գերակա շահի անվան տակ տվել իրենց մերձավորներին․ Նաիրա Զոհրաբյան
Մեզ համար Երևանը սկսում է Շենգավիթից, Երևանը սկսում է Նուբարաշենից, Էրեբունիից, Աջափնյակից, Նորք-Մարաշից և այն համայնքներից, որոնք մշտապես դուրս են եղել քաղաքային իշխանության աչքից։ Այսօր Շենգավիթ համայնքում քարոզարշավային իր ելույթն այսպես սկսեց Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։ Նրա կարծիքով՝ Երևանի նախկին քաղաքապետերը կենտրոն համայնքի վրա են ուշադրությունը սևեռել, որովհետև մյուս համայնքներում « փող լվալու» գործ չի եղել։
«Մեր քաղաքական թիմին ճանաչելով պետք է վստահ լինեք, որ Երևանից ու ՀՀ-ից երբեք որևէ լումա չի գողացվելու։ Օրինակ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ Գագիկ Ծառուկյանը, որը ՀՀ թիվ մեկ բարեգործն է, հանկարծ կարող է մտածել, որ քաղաքային իշխանությունում ունենալով մեծամասնություն՝ կարող է շահույթ ունենալ։ Անգամ ամենասյուրռեալիստական պատմվածքում նման բան հնարավոր չէ մտածել»,- ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով՝ աշխարհի մակարդակով խոշոր ներդրողների հետ կնքվել են պայմանագրեր Երևանի հիմնախնդիրները կարգավորելու համար։
«Հին Երևանը գողացել են մեզանից, պատմական շենքերը կեղծ գերակա շահի անվան տակ տվել են իրենց «դեգենեռատ» մերձավորներին, որոնք աղավաղել են Երևանը, սարքել են իրենց օբյեկտներն ու կաֆեները։ Կանաչ գոտիները տրվել են իրենց անձնական օգտագործման «թայֆիստներին», որոնք Երևանի թոքերի վրա կառուցել են իրենց զվարճանքի օբյեկտները»,- շարունակեց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ ինքն ավելի կոշտ է լինելու կոռուպցիայի ու անօրինականություններ նկատմամբ, քան բոլոր տղամարդիկ միասին վերցրած։ Զոհրաբյանը շեշտեց՝ Երևանը կվերադարձվի երևանցուն։