«Շանթ-2018» զորավարժության ընթացքում ԱԳՆ-ն մի շարք պայմանական փաստաթղթեր է մշակել. Տ. Բալայան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում մի շարք պայմանական փաստաթղթեր է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մեր կողմից մշակվել և ներկայացվել է մի քանի փաստաթուղթ: Մասնավորապես, լրագրողների պարզեցված հավատարմագրման կարգ է ներմուծվել և պայմանական հրապարակվել: Հստակեցումներ են արվել ԱԳՆ ներսի և արտաքին մեր դիվանագիտական ներկայացուցչությունների տարբեր ստորաբաժանումների մասով:
Կոնկրետ հանձնարարականներ են գրվել, որոնք պայմանականորեն ուղարկվել են դեսպանություններին: Դեսպաններն իրենց հերթին դրանցով աշխատել և տեղայնացրել են: Նախարարը պայմանական հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որտեղ ներկայացրել է ծավալվող իրադարձությունները և մեր գործողությունները: Հայտարարություններ են մշակվել պայմանական հակառակորդի կողմից Հայաստանին պատերազմ հայտարարելու որոշման վերաբերյալ»,- ասաց Բալայանը: Նախարարությունում հայտարարություններ ու նախագծեր են պատրաստվել նաև տեսական զարգացումների վերաբերյալ:
«Մշակվել է արձագանքի նախագիծ` Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացից Ադրբեջանի դուրս գալու վերաբերյալ»,- նշեց Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` արտաքին գործերի նախարարությունն այս ընթացքում նաև ոչ պայմանական գործողություններ է իրականացրել: «Մենք իրական մի քանի գործողություններ ենք իրականացրել` տեղեկացնելու մեր գործընկեր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որ այն, ինչ կատարվում է մեզ մոտ «Շանթ-2018» խորագրով, այդ ամենը զուտ պայմանական է և որևէ կապ չունի իրական գործողությունների հետ»,- նշեց նա: Սա փաստաթղթերի այն փոքր մասն է, որոնք այս օրերին 24-ժամյա ռեժիմով մշակվել են Արտաքին գործերի նախարարությունում: