Սև PR է իրականացվում «Լույս» դաշինքի դեմ․ Է․ Մարուքյան
Մենք կառավարելու ենք կրթությամբ ու գիտությամբ, խնդիրները լուծելու ենք գիտականորեն հիմնավորված տարբերակներով։ Այսօր Արաբկիր շրջանում քարոզարշավի ժամանակ նման հայտարարություն արեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ Նա նկատեց, որ իր ընկերները, երբ իր մասին խոսում են, հիշում են իրավական դաշտում հաղթած իր վեճերը։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ իրենք նպատակասլաց են։
«Երբ խնդիրը մեր առջև դնում են, դա կարելի է համարել արդեն կատարված, որովհետև խնդիրը ժամանակի մեջ է, և մենք ունենք ծով համբերություն։ Մեր երկրում ամենաթանկ բանը մարդն է, և մենք կորցնում են մեր հարստությունը, երբ մարդիկ նեղանում ու գնում են, մեկուսանում են»,- ասաց նա։
«Լույս»-ի քաղաքապետի թեկնածուն հայտարարեց՝ այս ընտրություններում իրենց նպատակն այն է, որ լինի արդար ընտրություն, որ մարդիկ հավատան ընտրության արդյունքներին։
Դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հանրության ուշադրությունն այլ բանի վրա սևեռեց։ Նա շեշտեց, թե այս օրերին լուրջ մարտահրավերներ կան իրենց դաշինքի համար։ Ըստ նրա՝ սև PR է իրականացվում «Լույս» դաշինքի դեմ։ Նա նաև խայտառակություն որակեց ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսելը։
«Այս մարտահրավերներն ուղղված են ժողովրդավարությանը, Հայաստանի պետականությանը, և պետք է ամեն ինչ անենք, որ որևէ սխալ քայլ այս ընթացքում թույլ չտանք, որովհետև սխալի վրա մենք չենք կարող կառուցել նորը, ավելի լավը, ավելի ներառականը: Այս մարտահրավերներին դիմագրավելու համար է «Լույս» դաշինքը, սա է մեր պատասխանն այսպես կոչված հակահեղափոխությանը, ռևանշիստներին, նրանց, ովքեր ուզում են թալանը չվերադարձնել, հին իրողություններով ապրել», -շեշտեց Մարուքյանը։