Գաղտնալսման հեղինակներին հայտնաբերելը ՀՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը առնչվող խնդիր է, ինքնասիրության հարց․ Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, դրա թիրախներին ու հետևանքներին:
-Պարոն Քոքոբելյան, ԱԺ-ն հաստատեց արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու դրա կազմը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության հայտնի ձայնագրությանը, երեկ հայտարարեց, որ արտաքին քաղաքական հետք չի տեսնում: Այդուհանդերձ ,տարբեր փորձագետների կողմից հիմնականում առաջ է քաշվել արտաքին քաղաքական վարկածը, ըստ որում, ռուսական: Ձե՛ր տեսակետը:
-Նախ, կցանկանայի այս գաղտնալսման հետ կապված իմ գնահատականը տալ: Սա, առհասարակ և ցավոք, այն ցցուն վկայությունն է, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի պետական անվտանգությանը: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ միայն, հեռախոսների գաղտնալսումներ են եղել: Եվ Հայաստանում շատ թե քիչ քթածակ ունեցող յուրաքանչյուր մարդ, առնվազն, տեղյակ է եղել: Սա փաստ էր, որի մասին բոլորը գիտեին, բայց վերջին գաղտնալսումից պարզվեց, որ եթե ՀՀ առաջին դեմքը գտնվի Հայաստանից դուրս և հույժ կարևոր խնդիր ունենա իր կառավարության անդամների կամ այլ անձանց հետ ինֆորմացիայի փոխանակման առումով, լինի պաշտպանություն, անվտանգություն, թե այլ հարց, այդ տեղեկատվությունը ոչ միայն մեր բարձրաստիճան պաշտոնյաների կամ պետության սեփականությունն է լինելու, այլև, ցավոք սրտի, կարող է լինել նաև այն մարդկանց, ովքեր գաղտնալսում են:
Զարմանում եմ, որ մինչև այս պահն այս կարևորագույն փաստերի վրա ուշադրություն չի դարձվում և անընդհատ խոսվում է, թե ինչ են քննարկել Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: Բայց, իմ գնահատմամբ, շատ ավելի կարևոր է ուշադրություն սևեռել այս անթույլատրելի երևույթի վրա, քանզի ստացվում է, որ մեր պետական կարևորագույն պաշտոնյաների հեռախոսազրույցների ինֆորմացիան կարող է դառնալ այլոց սեփականությունը՝ այսինքն` Հայաստանի պետական ինֆորմացիոն անվտանգության համակարգը «ծակ» է։ Եվ հիմա անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվեն մեր կարևորագույն պետական ինֆորմացիաների պաշտպանության առումով, մենք նաև լուրջ խնդիր ունենք ՀՀ մտնող ինտերնետային կապուղիների հետ կապված. նկատի ունեմ այն աշխարհագրությունը, որտեղով անցնում են մալուխային կապուղիները: Ես, իհարկե, այն կարծիքին չեմ, որ սա միայն արվել է այդ իրավական հարցի գաղտնալսումը հանրության սեփականությունը դարձնելու նպատակով: Վստահ եմ, որ գաղտնալսումը կազմակերպած անձինք կամ կառույցը ունեցել է կոնկրետ ստրատեգիա, և վստահ եմ, որ առաջիկայում դա պարզ կդառնա: Եվ ակնհայտ է, որ այսկերպ գործելով՝ ուղղակի միջամտություն է կատարվել Հայաստանի ներպետական և ներքաղաքական կյանքին։ Թող ոչ ոք չասի, թե այս ձայնագրությունների տարածումը չի ազդում պրոցեսների, այդ թվում՝ մեր պետական պաշտոնյաների կաշկանդվածության վրա: Ակնհայտ է, որ այսուհետ ՀՀ ազգային անվտանգության ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազը, ուժային կառույցների ղեկավարները և մյուս պետական պաշտոնյաները ինչ-որ հարց հեռախոսով քննարկելու դեպքում կաշկանդվելու են, և սա խանգարելու է պետական կառավարմանը՝ հաշվի առնելով երբեմն որոշ հարցերի հրատապությունը: Եվ նորից եմ կրկնում՝ այստեղ խոսքը տվյալ հեռախոսազանգի բովանդակության մասին չէ, այլ երևույթի:
-Ասում եք՝ միշտ էլ եղել են նման դեպքեր, բայց ԱԱԾ պետին երբևէ լսե՞լ են:
-Հարց եմ տալիս՝ իսկ ո՞վ կարող է լսել ԱԱԾ պետին: Ակնհայտ է, որ այս գործառույթը հայաստանյան դաշտից դուրս է: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ սա արվել է Հայաստանի ներսում, ապա էլ ավելի սարսափելի կարող է լինել: Բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ գերտերությունները նման հնարավորություններ միշտ էլ ունեն: Ակնհայտ է, որ որևէ անձ առանց հատուկ ծառայությունների, առնվազն աջակցության, չի կարող նման բան անել: Եվ ես սա համարում եմ ՀՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը առնչվող խնդիր և ինքնասիրության հարց:
-Ի՞նչ անհրաժեշտ քայլեր եք տեսնում:
-Այս համատեքստում կառաջարկեի, որ խոսեն ոչ միայն այդ ձայնագրության բովանդակության, այլև երևույթի մասին: Առաջարկս այն է, որ առնվազն նման պաշտոնյաների մակարդակով կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեն առանձին կապի միջոցներ ապահովելու համար: Ծրագրավորողները հիմա ստեղծում են առանձին կապուղիներ, որոնք զուտ կոդավորման առումով վերահսկելի և հասանելի կարող են լինել միայն դրա պատվիրատուներին: Սրանք առանձնապես մեծ ծախսեր չեն, բայց կարող են լուծել տարիներ ի վեր չլուծված խնդիրը, որպեսզի մենք չունենանք պետական հույժ կարևոր և գաղտնի ինֆորմացիայի «ծակ» համակարգ:
-Մյուս կողմից, արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ գաղտնալսող սարքեր ունեն ՊԵԿ-ը, ՊՆ-ն և որոշ օլիգարխներ, որոնք, ըստ որոշ խոսակցությունների, ժամանակին ձեռք են բերել նման սարքավորումներ:
-Անունների մասին կարող են և պետք է խոսեն պատկան մարմինները, և օրենքով էլ կանոնակարգված է, թե որ դեպքերում և որ պետական կառույցները կարող են օգտագործել նման սարքեր: Ես, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ինձ թույլ չեմ տա հնչեցնել անուններ: Ինչևէ, այս խայտառակ իրավիճակին վերջ տալու համար պետական կառույցները, նաև բոլոր այն բարեխիղճ մարդիկ, ովքեր աշխատում են ԱԱԾ-ում և այլ ուժային կառույցներում, պետք է ստեղծեն անվտանգության մեր սեփական համակարգը: 21-րդ դարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու փայլուն մասնագետներ ունենալու պայմաններում նման խեղճ վիճակում գտնվելն ուղղակի անթույլատրելի է, իսկ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք փայլուն մասնագետներ շատ ունենք:
-Ձեր կարծիքով՝ ԱԱԾ-ը չունի՞ այդ սարքերի հաշվառումը:
-Առնվազն անլուրջ կհամարեի, եթե հատուկ ծառայություններն այդ սարքերի գոյության մասին հստակ չիմանան: Թերևս, կարող եմ հիշեցնել, որ դեռևս մի քանի տարի առաջ ակտիվ քննարկումներ էին գնում որոշ օլիգարխների մոտ նման սարքերի ակնհայտ առկայության մասին, և խոսվում էր, թե կա հրահանգ` դրանք բռնագրավելու մասին։