Մեքենաներով շարժ են նկատել, ոստիկանությունն զբաղվում է. ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ արմավիրցիներին ընտրատեղամասեր ուղղորդելու լուրերի մասին
Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ինքնաառաջադրված թեկնածու, ՔՊ կուսակցության անդամ, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացել:
ՔՊ թեկնածուն նշեց, որ միայն լսել է՝ քաղաքացիների ուղղորդումներ կան: «Ես էլ եմ լսել նման տեղեկությունների մասին, փորձում ենք ճշտել, հույս ունեմ, որ նմանատիպ դեպքեր չեն լինի»,- ասաց նա:
Հարցին, թե կոնկրետ որ թեկնածուի կողմից են ուղղորդումները, Դավիթ Խուդաթյանը նշեց, որ չի կարող հստակ ասել: «Մեքենաներով շարժ են նկատել, խոսել ենք համապատասխան մարմինների հետ, ոստիկանությունը զբաղվում է»,- ասաց նա և նշեց, որ միանշանակ իրենց թիմից չեն նման ուղղորդումները:
Անդրադառնալով մրցակից թեկնածունների դժգոհություններին, որ անհավասար պայմաններում է անցել քարոզարշավը, քանի որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին իրեն առավելություն է տվել, Խուդաթյանը պատասխանեց.
«Ես ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» հեղափոխական թիմը, հետևաբար թիմի կողմից աջակցություն բնականաբար լինելու էր, իսկ մնացածի մասով կդժվարանամ հստակ բան ասել, որովհետև այս ընթացքում անընդհատ շրջանառվել է, որ իշխանական աջակցություն է եղել, բայց միանշանակ իշխանական լծակներ չեն օգտագործվել»:
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ արմավիրցիները Նիկոլ Փաշինյանին են ձայն տալիս և ոչ թե իրեն, Խուդաթյանն ասաց, որ հեղափոխական թիմի թեկնածու լինելը ինքնին կարող է ենթադրել նման մոտեցում: «Այսինքն՝ իշխող քաղաքական ուժի՝ թիմի մյուս անդամի նկատմամբ ունեցած վստահության մեջ ես արտառոց բան չեմ տեսնում»,- ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն խոսեց նաև ընտրվելու դեպքում իր անելիքներից. «Առաջիկա հինգ տարում լայնամասշտաբ աշխատանքներ ենք քաղաքում նախատեսում, ինչպես նախակրթական հաստատությունների որակի բարելավման, այնպես էլ ճանապարհաշինության, քաղաքաշինության, մշակութային կյանքի վերելքի. այդ հարցերը քարոզարշավին քննարկել ենք քաղաքացիների հետ: Իմ երեքամսյա պաշտոնավարմամբ արդեն սկսել է փոփոխությունների գործընթաց, որի գնահատականը ընտրողներն այսօր կտան»:
Խուդաթյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ թեկնածուներից Սևակ Մինասյանը բարձրաձայնում էր, որ թեկնածուները, այդ թվում նաև Դավիթ Խուդաթյանը պաշտոններ է խոստանում որոշ անձանց, Արմավիրի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն պատասխանեց, որ երբևէ ինքը կամ իրենց թիմի մեկ այլ անդամ որևէ մեկին իրենց կողմը քաշելու խնդիր չեն ունեցել:
«Այստեղ պաշտոնների բաշխման գործընթաց չկա, եթե լավ ուսումնասիրեին իմ երեք ամսվա ժպ նշանակվելու հատվածը՝ կտեսնեին, որ ոչ մի ծանոթ, ոչ մի բարեկամ քաղաքապետարանում աշխատանքի չի ընդունվել, իսկ ինչ վերաբերում է այդ մեկնաբանություններին, ես չեմ կարող ասել, թե որ թեկնածուին նկատի ունի և ինչից է ենթադրել, որ նման բաներ կան: Նույնը նաև Սևակ Մինասյանի մասին են ասում, բոլոր թեկնածուների մասին շրջանառվում են այդպիսի լուրեր: Ես իմ մասով, իմ քաղաքական թիմի մասով պաշտոնապես հերքում եմ այդպիսի լուրերը»,- ասաց նա:
Իր շանսերի մասին խոսելով՝ Խուդաթյանն ասաց, որ դրա պատասխանը քաղաքացին կտա. «Մենք Նոր Հայաստանում ստեղծել ենք այնպիսի իրավիճակ, որ քաղաքացու քվեն է որոշելու, թե ով է ֆավորիտը»:
Իսկ թե մրցակիցների մեջ կան թեկնածուներ, որոնք այս կամ այն կերպ աջակցություն ունեն նախկին իշխանությունների կողմից, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց, որ նման լուրեր շրջանառվել են, բայց չի մեկնաբանի. «Անուններ չեմ տա, որովհետև այս պահին անուններ տալը կազդի ընտրական պրոցեսի վրա»:
Դավիթ Խուդաթյանը նշեց, որ հեղափոխական թիմի թեկնածու լինելը ինքնին հեղափոխության տրամաբանական շարունակություն է ենթադրում: