Ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 23.73%-ը. քաղաքներից ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը
Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 14-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 51.661 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 23.73 տոկոսը:
Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 11.778 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 4764։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել են 8833 և 7644 ընտրող համապատասխանաբար:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում է 12 թեկնածու՝ այդ թվում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը։
Հրազդանում միմյանց պայքարում են ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնաառաջադրած է, և անկուսակցական Լևոն Ստեփանյանը:
Եվս երեք թեկնածու դուրս են եկել մրցապայքարից։
Արմավիրում առաջադրվել է 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։
Կապանում առաջադրված թեկնածուները երեքն են: Նրանց թվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն են՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:
ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11:00-ի դրությամբ՝ ըստ համայնքների.