World News

Ներգաղթյալների «քարավանը» շարունակում է շարժվել դեպի ԱՄՆ-ի սահման՝ անտեսելով Թրամփի նախազգուշացումները (լուսանկարներ)

Ավելի քան 2000 հորդուրասցուց բաղկացած ներգաղթյալների «քարավանը» որոշել է ամեն գնով հասնել Միացյալ Նահանգների սահման՝ անտեսելով այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ նախազգուշացումները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ներգաղթյալների խոսքով՝ վաղն իրենք մուտք կգործեն Մեքսիկա՝ չնայած որ Թրամփը նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին թույլ չտալ «քարավանի» անդամներին հատել Գվատեմալայի հետ սահմանն ու Մեքսիկայում հայտնվել:

«Դեռևս չգիտենք՝ արդյոք կկարողանանք ԱՄՆ սահմանը հատել, բայց պայքարելու ենք մինչև վերջ»,-նշել է ներգաղթյալներից մեկը:

 

 

Հայտնի է, որ Մեքսիկայի իշխանությունները համաձայնել են ապաստան տրամադրել կանանց ու երեխաներին:

 

 

Նշվում է, որ նախօրեին հարյուրավոր մարդիկ փորձել են Գվատեմալայից անցնել Սուչիատե գետով ու հայտնվել Մեքսիկայում: Նրանց մեծ մասը 24 ժամ կամրջի վրա է անցկացրել՝ մնալով կիզիչ արևի տակ, չունենալով սնունդ ու խմելու ջուր:

 

 

Թրամփը հայտարարել է, որ ներգաղթյալների «քարավանը» քաղաքական դրդապատճառներ ունի՝ դրա համար մասամբ մեղադրելով նաև դեմոկրատներին: Այս հարցում Թրամփի հետ համակարծիք են նաև Հոնդուրասի ու Գվատեմալայի նախագահները:

 

 

Մինչդեռ իրենք՝ ներգաղթյալները, պատմել են, որ փախչում են հայրենիքում տիրող անմխիթար վիճակից, աղքատությունից ու հանցավորությունից: Հայտնի է, որ Հոնդուրասն աշխարհում ամենավտանգավոր երկրներից է, որտեղ բռնության մակարդակը չափազանց բարձր է. ըստ վիճակագրական տվյալների՝ այնտեղ յուրաքանչյուր 100.000 բնակչի 43%-ը սպանվում է:

 

 

Читайте на сайте