World News

Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն․ Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը քիչ առաջ քվեարկեց քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող 26/14 ընտրատեղամասում: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն Հայաստանի և ավելացրեց, որ չի ցանկանում խոսել և մեկնաբանել իր անվան հետ կապված լուրերը, քանի որ այսօր դա ընտրախախտում կլինի: Նա միայն շեշտեց․«Օրենքը բոլորի համար հավասար է, ում տղեն ուզում ես, լինես»:

Անդրադառնալով դիտարկումներին, որ կուտակումներ են, ընտրախախտումներ կան՝ Սևակ Միքայելյանը նախ առաջարկեց՝ եթե կան ընտրախախտումներ, նկարեն և ներկայացնեն հանրությանը, ապա հավելեց, որ նորմալ ընտրություններ են ընթանում:

Ինչ վերաբերում է մեկ այլ դիտարկման, թե ընտրողներն իրեն ձայն են տալիս, քանի որ Սասուն Միքայելյանի որդին է, Սևակ Միքայելյանն ասաց․ «Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն: Սասուն Միքայելյանը եղել է միշտ ժողովրդի կողքին»:

Այլ հարցերի քաղաքապետի թեկնածուն հրաժարվեց պատասխանել՝ ներողություն խնդրելով լրագրողներից և խոստանալով ընտրություններից հետո խոսել:

Չնայած ենթադրվում էր, որ նրա հետ քվեարկության կգնար նաև հայրը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, սակայն նա չէր եկել:  Ինչպես նշեցին ընտրատեղամասում, նա դեռևս այսօր ընտրատեղամաս չի եկել:

Читайте на сайте