Այնպես չէ, որ վախենում եմ ճշմարտություն ասելուց, ես չեմ լսել, որ մեկին ուղղորդեն. Արմավիրի քաղաքապետի թեկնածու
Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված անկուսակցական թեկնածու Ժիրայր Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունները, ինչպես և քարոզարշավն էր, անցնում են խաղաղ և լուսավոր՝ օրենքի տառին համապատասխան:
«7 ՏԻՄ ընտրության եմ մասնակցել, եղել եմ նաև ավագանու անդամ, այս ընտրությունները նախորդներից տարբերվում են իրենց մշակույթով, օրենքի հետևողականությամբ, միմյանց նկատմամբ առանց թշնամանքի»,-ասաց նա:
Թեկնածուն, ով քաղաքի ավագանու անդամ է, նշեց, որ ինքը որևէ ընտրախախտման մասին չի լսել, տեղյակ չէ, որ ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր կան: «Ես չեմ էլ կարող ենթադրել, որ հնարավոր է ընտրախախտումներ լինեն, որևէ մեկի մտքով էլ չի անցնում խախտումներ անել, քանի որ նոր իրողություն է, և մենք նոր իրողության մեջ սովորել ենք ապրել և հասկացել ենք այս նորի փիլիսոփայությունը, սիրո և համերաշխության տրամաբանությունը»,-ասաց նա:
Ժիրայր Աբրահամյանը նշեց, որ ինքը նույնպես իշխանության կոչով է առաջադրվել, համոզված լինելով, որ չեն լինելու ընտրախախտումներ, որ ամեն ինչ ընթանալու է օրենքին տառին համահունչ. «Ես նույնպես ոգևորված եմ այս հեղափոխությամբ, ունեմ իմ ներդրումը, և ես նույնպես ինձ համարում եմ հաղթանակի, հեղափոխության, լավատեսության մասնիկ»:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ թեկնածուները, այդ թվում նաև ինքը, պաշտոններ է խոստացել որոշակի անձանց, որ իրենց համար ձայն բերեն, նշեց, որ նյութապես ամենաթույլ հնարավորությունն իրենն է, ինքը համեստ քարոզարշավ է իրականցրել: «Իմ հնարավորությունները շատ փոքր են, որ ես որևէ մեկին որևէ բան խոստանամ»,-ասաց նա:
Իսկ շանսերի մասին խոսելով՝ ասաց, որ օրվա վերջում կերևա. «Ես ասպիրանտուրա եմ սովորել, ունեմ բավականին փորձ և ենթադրում եմ, որ իմ ինտելեկտը կգնահատեն ու ինձ ձայն կտան»:
Ըստ նրա՝ առաջադրված 4 թեկնածուներից ամենափորձառուն ինքն է, մյուսները շատ ավելի երիտասարդ են: «Ես 96թ. մշտապես մասնակցել եմ ՏԻՄ ընտրություններին, ավագանի եմ եղել, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, վերջին անգամ կոմերիտական եմ եղել»:
Թեկնածուն պնդեց, որ լինելով ավագանու անդամ, նախկին իշխանությունների կողմից որևէ աջակցություն չունի:
«Որ լիներ՝ ես անպայման կասեի, այդտեղ ոչ մի ամոթ բան չկա, ՀՀԿ-ի մեջ էլ լավ մարդիկ կան, ՔՊ-ի մեջ էլ վատ մարդիկ կան, այնպես չի, որ ես վախենում եմ ճշմարտություն ասելուց, ես չեմ լսել, որ մեկին ուղղորդեն, չեմ կարող ասել, որ ՀՀԿ-ում բոլորը վատն են, ՔՊ-ն լավն է»,-ասաց նա: