Միշա Ալոյանը մտադիր է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին
Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հայտարարել է, որ իր առաջիկա նպատակների թվում է 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը.
«Այժմ մարզչիս հետ ոչ շատ երկար դադար ենք վերցնում, իսկ հետո կտեսնենք՝ ինչ ճանապարհով կարող ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Կա աշխարհի առաջնությանը մասնակցելու տարբերակը, ինչպես նաև տարբեր մրցաշարեր և կիսապրոֆեսիոնալ տարբերակներ: Տեսնենք: Օլիմպիական խաղերին կրկին մասնակցելու ցանկություն կա»,- Ալոյանի խոսքը մեջբերել է nsknews.info-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Միշա Ալոյանը Համաշխարհային բռնցքամարտի սուպերսերիայի (WBSS) քառորդ եզրափակչում մենամարտել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Զոլանի Տետեի հետ և մրցավարական որոշմամբ պարտություն կրել:
Միշա Ալոյանն արծաթե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ դարձել է բրոնզե մեդալակիր: 2020 թվականի Օլիմպիական խաղերը կայանալու են Տոկիոյում: