World News

Սաուդցի գործարարները որոշել են բոյկոտել թուրքական ապրանքներն ու կոչ են անում չմեկնել Թուրքիա

Սաուդցի մի շարք գործարարներ որոշել են «բոյկոտել Թուրքիան»՝ Twitter սոցիալական կայքում հակաթուրքական արշավ սկսելով, փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության առնչությամբ սաուդյան կողմին բարդ դրության մեջ դրած Թուրքիան բարկացրել է սաուդցի գործարարներին, որոնք սկսել են կոչ անել չգնել թուրքական ապրանք ու չմեկնել Թուրքիա՝ հանգստի:

Նշվում է, որ նրանց կոչերը տասնյակ հազարավոր արձագանքներ են գտել համացանցում, թեև չի բացառվում, որ կոչերը տարածող օգտահաշիվները կարող են կեղծ լինել ու ղեկավարվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից:

Աղբյուրը հիշեցնում է, որ սաուդցիները Թուրքիա այցելող զբոսաշրջիկների շրջանում բավականին լուրջ տոկոս են կազմում. բացի հանգստից ու բիզնես ճամփորդություններից՝ բազմաթիվ սաուդցիներ ժամանում են Թուրքիա նաև բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով:

Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

Սաուդյան Արաբիան նախ հայտարարել էր, թե լրագրողն անհետացել է դեսպանատան տարածքից դուրս գալուց հետո, ավելի ուշ հայտնել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում ծագած կռվի ժամանակ: Սաուդյան կողմը, այնուամենայնիվ, հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին:

Թուրքիան իր հերթին պահանջել է բացահայտել լրագրողի սպանության պատվիրատուին ու նրա մարմնի գտնվելու վայրը, ինչպես նաև պահանջել է Սաուդյան Արաբիայից իրենց արտահանձնել մեղադրյալ անձանց, սակայն սաուդյան կողմը պնդում է, որ նրանք պետք է իրենց պատիժը կրեն հայրենիքում:

Читайте на сайте