Որոնք են ՓՄՁ–ների զարգացման խոչընդոտները. «Ամերիաբանկն» առաջարկում է ֆինանսների հասանելիության բարձրացման նոր պրոդուկտ
«Կամար» բիզնես-կենտրոնում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ՓՄՁ–ների զարգացման խոչընդոտների և դրանց հաղթահարման թեմայով պանելային քննարկում, որին հրավիրված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ բանկային, բիզնեսի ներկայացուցիչներ, փորձագետներ:
Ըստ քննարկման արդյունքների՝ ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնական խոչընդոտներն են ֆինանսների հասանելիությունը, որի համար «Ամերիաբանկը» ներդրել է նոր գործիք՝ իրավաբանական անձանց, այսինքն՝ ՓՄՁ-ներին սկորինգային վարկերի տրամադրում: Հաջորդ խնդիրը հարկային օրենսդրության և վարչարարության պարզեցումն է, որի ուղղությամբ պետությունն արդեն օրենսդրական նախաձեռնություններով հանդես է գալիս: Ինչպես նաև կարևոր է կրթության, որակյալ կադրերի պատրաստման խնդիրը:
ՀՀ օրենսդրությամբ փոքր և միջին ձեռնարկություն են համարվում մինչև 250 աշխատող ունեցող, մինչև 1.5 մլրդ դրամ տարեկան հասույթ և հաշվեկշռային ակտիվներ ունեցող կազմակերպությունները: 2017 թ. վիճակագրության համաձայն՝ ՓՄՁ-ները կազմել են ՀՀ ակտիվ հարկատուների 77 %-ը և ապահովել են ՀՆԱ-ի մոտ 35 %-ը: ՓՄՁ հատվածը ապահովում է աշխատաշուկայի մոտ 30 տոկոսը, և պետբյուջեի եկամուտների մոտ 17 %-ն է ապահովվում ի հաշվի ՓՄՁ-ների:
«Տրիադա Ստուդիո» ՍՊԸ տնօրեն, համահիմնադիր Արա Աղամյանի խոսքով՝ ՏՏ ոլորտում ամենաակտուալ խնդիրը համապատասխան կադրերի բացակայությունն է, որոնք չեն պատրաստվում բուհերի կողմից:
«Աշխարհն արագ փոխվում է, և ամեն անգամ նոր մասնագիտություններ են գոյանում, բայց բուհերն այդ տրենդերի հետևից չեն հասցնում: Մեր կազմակերպությունում մեծամասնությունն ինքնուս է սովորել այդ ամեն ինչը: Մեզ համար ամենահիմնական խոչընդոտներից մեկը որակյալ մասնագետների բացակայությունն է»,- ասաց Արա Աղամյանը:
«Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանի կարծիքով ևս՝ ՓՄՁ գլխավոր խնդիրներից մեկը կրթությունն է, որի պատճառով ՀՀ-ում ստեղծվում և շատ հաճախ որոշ ժամանակ անց փակվում են ձեռնարկությունները:
«ԽՍՀՄ-ում 70 տարի բիզնեսով զբաղվելը քրեական հոդված էր: Հիմա այդքան տարի արգելվել է բիզնեսով զբաղվել և հանկարծ 1991 թ. բացվել են դռները: Մարդիկ մեխանիկորեն անում էին այն, ինչին իրենք սովորել էին: Մենք սովոր էինք միայն արտադրելու, սպառման հետ գործ չունեինք: Մարքեթինգի, փաթեթավորման, վաճառքի կարիք չկար, բայց հիմա բիզնեսն առանց սրանց դժվար է պատկերացնել: Բիզնեսն առաջին հերթին ոչ թե արտադրելն է, այլ վաճառելն է: Մեր ՓՄՁ-ները չգիտեն ինչպես փաթեթավորել, չգիտեն վաճառքի կանոնները, դրա համար էլ փակվող ՍՊԸ-ներն են մեզ մոտ շատ»,- նկատեց նա:
Փոքր և միջին ձեռնարկությունների համար, ըստ Հարկերի գծով գործընկեր, «ԲԻ-ԴԻ-Օ Ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» ՓԲԸ ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանի՝ շատ կարևոր է հարկային օրենսդրության մեխանիզմների, վարչարարության պարզությունը:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով կառավարությունն առաջարկում է հենց փոքր բիզնեսի համար տարատեսակ հարկման այլընտրանքային ռեժիմները հավաքել մեկ տեղում և ավելի պարզ դարձնել: Ահարոն Չիլինգարյանի խոսքով՝ որքան պարզ լինի հարկային օրենսդրությունը, այդքան ավելի հեշտ կլինի ՓՄՁ-ների համար:
Քննարկման մասնակիցները նաև կարծում են, որ ՀՀ հարկային օրենսդրությունը պետք է մրցակցային լինի մրցակից համարվող երկրների հետ, որպեսզի արտադրված ապրանքները ևս լինեն մրցակցային:
«Պետական պաշտոնյաներն իրավացիորեն ասում են, որ հարկերը թեթևացրինք, բիզնեսը կզարգանա, բայց այդ դեպքում ինչպես բյուջեն լցվի: Մենք այլ տարբերակ ենք առաջարկում. թերզարգացած ոլորտներում հարկերը թուլացնենք, որ այդ ոլորտները զարգանան: Արդյունքում՝ եթե այսօր 100 միավոր հարկ է հավաքվում, հարկերը փոքրացնելուց մի քանի տարի հետո այդ ոլորտում բիզնեսները զարգանում են և 500 միավորից է հարկվում: Ամեն միավորի վրա հարկը քիչ է լինում, բայց ընդհանուր հարկատուների քանակը մեծանում է»,- նշեց «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանը:
Պետությունը, որպեսզի կարողանա հարկերի դրույքաչափերը նվազեցնել, դրան պետք է հետևի պատասխան արձագանքը՝ բիզնեսը ստվերից դուրս գա: Վիճակագրության համաձայն՝ ակնհայտ դիզբալանս կա ՓՄՁ-ների հարկային վճարների մասով, մասնավորապես, ՓՄՁ-ներն ապահովում են ՀՆԱ-ի 35 տոկոսը, բայց կազմում են բյուջեի եկամուտների 17 տոկոսը: Քննարկման մասնակիցները, հենվելով փորձի վրա, նշում են, որ բիզնեսի մեծ մասը պատրաստ չէ պետության հետ համագործակցելու: Հարկերի դրույքաչափերի նվազման դեպքում բիզնեսը փորձելու է ավելի շատ թաքցնել եկամուտները:
Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցության ամենաարդյունավետ մեխանիզմը պետական և մասնավոր երկխոսության հարթակներն են, որտեղ ՓՄՁ-ները կկարողանան իրենց խնդիրները և մտահոգությունները հասցնել կառավարությանը:
«ՓՄՁ-ներն առանձին աջակցության կարիք ունեն, դա պետք է կարևորվի և կարևորվում է պետության կողմից: Դրա համար կա ՓՄՁ աջակցության մասին օրենք, կան տարեկան ծրագրեր ՓՄՁ աջակցության: Այսինքն՝ պետությունն արդեն իսկ սովորեցրել է ՓՄՁ-ներին, որ աջակցել է, աջակցելու է»,- ասաց նա:
Գևորգ Պողոսյանը ՓՄՁ-ների զարգացման առաջնային խնդիր է համարում ֆինանսների հասանելիությունը. «Հիմնականում, երբ խոսում ենք բանկային պրոդուկտների մասին, ՓՄՁ-ների համար մեծ խնդիր է լինում գրավը, որը տարիներ շարունակ վարկի համար պարտադիր պայման էր: Իսկ փոքր բիզնեսը, սկսնակ բիզնեսը հիմնականում զերծ է անշարժ գույքից: Ցավոք սրտի, մինչև հիմա բիզնես-պլանը ֆինանսավորման համար որպես երաշխիք չի դիտարկվել»:
«Ամերիաբանկի» Սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար Արամ Բալոյանի խոսքով՝ ֆինանսական հասանելիության նվազեցման պատճառներից մեկը ՓՄՁ-ների կողմից կանխիկ շրջանառությանը նախապատվություն տալն է: Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները շատ քիչ են օգտվում բանկային հաշիվներից, քարտերից՝ դրանով չձևավորելով սեփական բանկային պատմությունը և չահելով բանկերի վստահությունը: Մյուս պատճառը՝ հաշվետվողականության մակարդակն է. փոքր ձեռնարկությունները հիմնականում դժվարանում են իրենց բիզնեսի ցուցանիշները ներկայացնել բանկերին կամ ներդրողներին:
«Պատճառների մյուս խումբը՝ բակերի ներքին պրոցեսներն են: Գաղտնիք չէ, որ բանկերը վարկավորման համար կիրառում են բավականին շատ փաստաթղթաշրջանառություն, ունենք գրավի պահանջ հիմնականում: Վարկի վերլուծության, ձևակերպման գործընթացներն առաջացնում են բավականին տեղաշարժեր, կոնտակտներ բիզնեսմենի հետ, իսկ ՓՄՁ-ի սեփականատերը սովորաբար լինում է առանցքային անձ իր բիզնեսում և այդքան ժամանակ ու ռեսուրսներ չունի տեղափոխության, կոնտակտների վրա ծախսելու»,- նշեց Արամ Բալոյանը:
Ֆինանսական հասանելիության բարձրացման համար «Ամերիաբանկն» իրավաբանական անձանց առաջարկում է ՓՄՁ-ների սկորինգային համակարգ: Ֆիզիկական անձանց սկորինգային վարկերը «Ամերիաբանկն» անցած տարի էր ներդրել, մինչդեռ իրավաբանական անձանց համար ծրագիրն առաջին անգամ է ՀՀ-ում ներդրվում:
«Մեր բանկն ուսումնասիրում է խնդիրները, և բոլորովին վերջերս նոր պրոդուկտ ենք մտցրել շուկա ու արդեն տրամադրել ենք առաջին վարկերը: Առաջին անգամ Հայաստանում ներդրել ենք ՓՄՁ իրավաբանական անձանց ավտոմատացված սկորինգային համակարգ՝ ամբողջական թվային լուծումների ցիկլով, որը թույլ է տալիս հասանելի տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա, հաշված րոպեների ընթացքում կայացնել վարկի փաստացի տրամադրման որոշում: Ծառայությունը հնարավորություն է տալիս բիզնեսներին վարկային հայտը լրացնելու օնլայն եղանակով, բանկի հետ շփումը կազմակերպելու օնլայն և անգամ վարկային պայմանագրի ստորագրումն իրականացնելու օնլայն»,- հայտնեց «Ամերիաբանկի» Սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավարը:
«Ամերիաբանկի» սկորինգային համակարգով վարկերի տարեկան տոկոսադրույքը 13.5 %-ից սկսած է, իսկ տրամադրվող գումարի չափը՝ 1-10 մլն ՀՀ դրամ: Օնլայն հայտը լրացնելուց հետո պատասխանը կստանաք 5 րոպեի ընթացքում՝ առանց բիզնեսից կտրվելու ու բանկ այցելելու և առանց անշարժ գույքի գրավադրման: Վարկը կարող եք ստանալ ձեր գործող կամ նոր բացվող քարտին կամ հաշվին: