Աշխարհի 26 ամենահարուստ մարդիկ նույնքան գումար ունեն, որքան աշխարհի ամենաաղքատ բնակչության 50%-ը. Oxfam
Oxfam բրիտանական բարեգործական կազմակերպությունը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մեկնարկին ընդառաջ հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ աշխարհի ամենահարուստ 26 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասար է աշխարհի ամենաաղքատ մարդկանց կեսի (3,8 մլրդ մարդ) ընդհանուր ունեցվածքին:
Ինչպես նշում է The Guardian-ը, զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ 2018թ. հարուստների ու աղքատների միջև անդունդն ավելի է խորացել. հարուստներն ավելի են հարստացել (12% աճ), իսկ աղքատներն՝ ավելի աղքատացել (11% անկում):
Oxfam-ի տվյալներով՝ 2018թ. ընթացքում աշխարհի ավելի քան 2200 միլիարդատերերի հարստությունն ավելացել է 900 մլրդ դոլարով, օրական՝ 2,5 մլրդ դոլարով:
Մասնագետները նաև պարզել են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր աշխարհում միլիարդատերերի քանակը կրկնապատկվել է. 2017-2018թթ. ընթացքում գրեթե յուրաքանչյուր երկու օրը մեկ նոր միլիարդատեր է «ծնվել»:
Մասնագետները ենթադրել են, որ աշխարհի միլիարդատերերից հարստության 1% հարկ գանձելու դեպքում տարեկան 418 մլրդ դոլար կհավաքվի, ինչը բավականաչափ կլինի աշխարհի բոլոր երեխաների համար կրթություն ապահովելու և տարեկան 3 մլն մարդու մահ կանխելու համար: