«Կանայք հանուն խաղաղության» արշավն սպասվածից մեծ հետաքրքրություն առաջացրեց, Ադրբեջանի կանացից արձագանքներ չկան. Աննա Հակոբյան
«Կանայք հանուն խաղաղության» արշավն, ի զարմանս ինձ և անակնկալ ինձ համար, ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան ես սպասում էի. լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արշավն ինչ փուլում է և ինչ արձագանքներ կան այդ ծրագրին:
«Շատ դրական է արձագանքը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս: Բայց հաշվի առնելով, որ դա ավելի մեծ ռեզոնանս ստացավ, քան ես սպասում էի, որոշեցի ոչ թե դադարեցնել, այլ դադար վերցնել, որպեսզի հետագա քայլերը մանրակրկիտ և ճիշտ մտածեմ»,-ասաց նա:
Աննա Հակոբյանը նշեց, որ այս ընթացքում բոլոր այցերի ժամանակ, տարբեր հանդիպումների ընթացքում խոսել է այդ մասին, նաև եղել է, որ հրավիրողներն են հետաքրքրվել կամ հրավիրել հենց այդ մասին խոսելու: «Ես ներկայացրել եմ ինչպես հիմնադրամի գործունեությանը, այնպես էլ «Կանայք հանուն խաղաղության արշավը»:
Ամփոփելով իրավիճակը՝ Աննա Հակոբյանն ասաց, որ աշխարհի տարբեր երկրներում շատ տարբեր կազմակերպություններ՝ պետական կամ ոչ պետական, պոտենցիալ գործընկեր են այս պահին արշավի շրջանակներում: «Բայց թե կոնկրետ ինչպես կշարունակենք, արշավը քննարկման փուլում է, լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց նա:
Հստակեցմանը, թե Ադրբեջանի կանանցից ինչ-որ արձագանքներ կան, Աննա Հակոբյանը ասաց՝ չկան: «Առանձնապես չեմ հետաքրքրվել և չեմ էլ փորձել արձագանք ստանալ, գուցե եղել է, բայց առայժմ ծանոթ չեմ, գուցե դուք ավելի լավ կիմանաք՝ ինչպես են արձագանքել»,-ասաց նա: