Հրվ. Կորեայում շուրջ 1600 հյուրանոցային համարում գաղտնի տեսախցիկներով արված սեռական բնույթի տեսագրություններ են տարածվել
Հարավային Կորեայում շուրջ 1600 հյուրանոցային համարում հեռուստացույցների, վարդակների ու վարսահարդարիչը պահող սարքերի մեջ հաճախորդներին տեսանկարող գաղտնի տեսախցիկներ են տեղադրվել, գրում է BBC-ն:
Դեպքի առթիվ 4 մարդ է ձերբակալվել: Հաղորդվում է որ նրանք սեռական բնույթի տեսագրությունները տեղադրել են կայքում և հասցրել դրանց միջոցով 6200 դոլար վաստակել:
Գաղտնի տեսախցիկները տեղադրվել են օգոստոսին՝ 30 տարբեր հյուրանոցներում, իսկ համապատասխան կայքը ստեղծվել է նոյեմբերին: Կայքում ընդհանուր առմամբ 803 տեսանյութ է տեղադրվել: Կայքի օգտատերերին հնարավորություն է տրվել տեսագրություններից 30 վայրկյան տևողությամբ անվճար հատվածներ դիտել, իսկ ամբողջական տեսագրությունները վճարովի են եղել:
Մեղավոր ճանաչվելու դեպքում ձերբակալվածներին մինչև 10 տարվա ազատազրկում և 26 600 դոլարի չափով տուգանք է սպառնում:
Հարավային Կորեայում պոռնոգրաֆիկ նյութերի արտադրությունն ու տարածումն օրենքով արգելված է: Արգելքը կապված է գաղտնի տեսախցիկների հետ, որոնք սեռական բնույթի կադրեր ֆիքսելու նպատակով տեղադրվում են զուգարաններում և հանդերձարաններում: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ մարդիկ վրեժխնդրությունից դրդված հրապարակում են իրենց նախկին սիրեցյալների տեսագրությունները:
2017թ.-ին գաղտնի տեսախցիկների հետ կապված ավելի քան 6000 ահազանգ է ստացվել, որոնց շրջանակներում ավելի քան 5400 մարդ է ձերբակալվել: Չնայած դրան՝ դատապարտվել է ձերբակալվածների 2%-ից պակասը, ինչն անցած տարի մայրաքաղաք Սեուլում մի շարք բողոքի ցույցերի տեղիք էր տվել: