Մենք հույս ունենք, որ Շիշլիում մարդիկ ցանկանում են իրականությունը տեսնել․ Սելինա Դողանը՝ Թուրքիայի տեղական ընտրություններում իր մասնակցության մասին
Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով Ստամբուլի Շիշլի շրջանում առաջադրվել է որպես ավագանու թեկնածու` մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու նպատակով: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը մասնակցել է քաղաքային կառավարմանը երկար տարիներ, ունեցել է քաղաքապետեր:
«Շիշլի շրջանը հայտնի է տարբեր ազգային փոքրամասնություններով: Միայն հայերը չէ, որ շատ են»,- ասաց նա:
Սելինա Դողանի խոսքով՝ այս շրջանում իր թեկնածուներին չի առաջադրել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը, բայց դրա փոխարեն մասնակցում են «Դեմոկրատական ձախ» կուսակցության թեկնածուները, որոնց աջակցելու է իշխող կուսակցությունը, և որոնք ձայները փոշիացնելու համար են:
«Նրանք մեզ համար մրցակիցներ են, և դա մարտահրավեր է մեզ համար: Դա մարտահրավեր է Շիշլիի համար,- ասաց նա՝ նշելով, որ իշխող կուսակցությունն իրենց մրցակցին օգնելու է և՛ ֆինանսապես, և՛ այլ ռեսուրսներով,-իսկ դա նշանակում է, որ մենք չունեն հավասար հնարավորություններ ընտրապայքարում: Եվ դա դրսևորվում է ինչպես ամբողջ Թուրքիայում, այնպես էլ Շիշլիում»:
Չնայած եղած դժվարություններին՝ հայազգի թեկնածուի խոսքով՝ իրենք շարունակում են բանակցել ընտրողների հետ, ներկայացրել են իրենց թեկնածուներին: «Ամեն օր մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր համայնքների հետ, հանդիպել ենք հրեա համայնքի, ասորիների հետ»,- ասաց նա:
Սելինա Դողանի խոսքով՝ իրենց ընտրողները բոլոր դեմոկրատական խմբերն են: «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը չունի թեկնածուներ, և նրանք պատրաստվում են օժանդակել մեզ, և նաև մեր հիմնական ընտրողները շարունակելու են աջակցել մեզ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե տեղեկատվություն կա, որ Ադրբեջանի նախագահը խնդրել է Թուրքիայի նախագահից ՀՀ-ին սահմանակից Կարսում և Իգդիրում ազգայնական կուսակցություններից թեկնածուներ առաջադրել, Սելինա Դողանը պատասխանեց, որ դրա մասին տեղյակ չէ, բայց շատ հնարավոր է:
Սելինա Դողանի խոսքով՝ ինքն առաջադրվել է հայաշատ Շիշլիում ոչ թե միայն այն պատճառով, որ ինքը հայ է, այլ նաև՝ վստահ է, որ իր գործունեությանն այնտեղ լավ են ճանաչում: «Ես եղել եմ խորհրդարանական, եղել եմ Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի անդամ: Իսկ Շիշլին իսկապես քաղաքակիրթ ազգերի մարդկանց շրջան է, այն նման է եվրոպական մեծ քաղաքի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքն ընտրվելուց հետո չի ծառայելու որպես միայն հայ կին, այլ օգտագործելու է իր փորձն ու կապ է լինելու խորհրդարանի հետ:
Սելինա Դողանի բնորոշմամբ՝ այս պահին տեղի ունեցող ընտրապայքարը նման չէ տեղական ընտրությունների պայքարին: «Էրդողանն է ընտրապայքարն առաջ տանում, և ոչ թե, օրինակ, քաղաքապետերի թեկնածուները: Դա այն պատճառով է, որ նրանք այլևս ոչինչ չունեն առաջարկելու Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի համար: Դրա համար նրանք նաև ստեղծում են դրսի թշնամիներ»,- ասաց նա՝ մատնանշելով, որ օգտագործվեց նաև Նոր Զելանդիայում տեղի ունեցած հարձակումները մահմեդականների վրա:
Սելինա Դողանի խոսքով՝ այս ընթացքում ավելացել են նաև հետապնդումները իր կուսակիցների նկատմամբ, քրեական գործեր են հարուցվում նրանց նկատմամբ:
«Սա է իրավիճակը, ընտրությունները նման չեն տեղականներին: Նորից օգտագործվում են բոլոր ռեսուրսներն իշխող կուսակցության մրցակիցների դեմ: Իհարկե, նորից մեր թեկնածուներին դուք չեք կարող տեսնել լրատվամիջոցներում»,- ասաց նա:
Չնակած եղած խոչընդոտներին՝ Սելինա Դողանի խոսքով՝ ինքն ունի հույս, որ Շիշլիում նրանք հաջողությունների կհասնենք: «Մենք հույս ունենք, որ մարդիկ ցանկանում են իրականությունը տեսնել»,- ասաց նա: