«Նախկին կլանը պետություն է պետության մեջ. տա աստված՝ այդ ուժերը չհանդգնեն գնալ ռազմական հեղաշրջման». Կարեն Անդրեասյան
«Միանշանակ ավելի հեշտ է աշխատել այն իշխանության հետ, որը չի ատում մարդու իրավունքը կամ չի ատում օրենքն ու սահմանադրությունը: Երբ որ դու մի բան ես անում ու այդ արդյունքը տեսնում ես, դրանից մեծ վաստակ, վայելք, հաճույք աշխատանքի մեջ էլ որտե՞ղ կգտնեք: Հետևաբար, այսօր օմբուդսմեն աշխատելը ուղղակի վայելք է: Այլ հարց է, որ դա չի նշանակում չաշխատել: Դա նշանակում է աշխատել և վայելել աշխատանքիդ արդյունքը:
Այսպիսի մթնոլորտում աշխատելն ուղղակի «սանատորիա» է, բայց այդ «սանատորիան» պետք է ճիշտ աշխատեցնել»,- ասում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նրա կարծիքով Նիկոլ Փաշինյանն այսօր թողել է, որ իրավական մթնոլորտն առողջանա: Եթե սահմանադրական, ինստիտուցիոնալ եղանակով չարվեն որոշակի անհրաժեշտ քայլեր, ըստ նախկին օմբուդսմենի, մենք ունենալու ենք դև, որը սպանեց նախկին դևին:
«Այսինքն, նորից լինելու է թագավոր, որն ասելու է՝ գյադեք, սրան բռնեք, ու մինչև վերջ բռնելու են, հետո՝ գյադեք, բաց թողեք, ու մինչև վերջ բաց են թողնելու: Այ այս գյադայական, թագավորական, արքունական, վատ իմաստով ասիական մտածողությունը հիմա Նիկոլ Փաշինյանը ջարդում է: Ինձ համար սրանից մեծ հեղափոխություն չէր կարող լինել: Սա կոչվում է իրավական հեղափոխություն՝ 30 տարի տոտալ ռեժիմով աշխատած պետության մեջ»:
Նախկին կլանը, Կարեն Անդրեասյանի կարծիքով, պետություն է պետության մեջ:
Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց 2016 թվականի հունվարին՝ ներկայացված տարեկան զեկույցի բուռն քննադատություններից հետո: ՀՀԿ-ականները նրան մեղադրեցին ոչ պրոֆեսիոնալ աշխատելու, «փնթի ու անատամ» փաստաթուղթ հրապարակելու մեջ:
Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ իր դեմ պատվեր է իրականացվում: Խոսեց նաև այն մասին, որ սպառնալիքներ են եղել:
«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով իր հրաժարականին, կրկին չհերքեց, որ եղել են ճնշումներ. «Վտանգները շատ ռեալ էին և շատ անմիջական՝ իմ ընտանիքի, իմ երեխաների վրա կախված էին»:
«Հիմա վտանգներն ավելի քիչ են: Ես չեմ ասում, որ չկան… վտանգները դեռ օդում են»,- ասում է Կարեն Անդրեասյանը:
Նախկին պաշտպանն անուններ չի տա այնքան ժամանակ, քանի դեռ կարիք չի լինի որպես պաշտպանություն հրապարակել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2016 թվականին:
«Չեմ ուզում վարկաբեկել ո՛չ պետությունը և ո՛չ էլ շատ մարդկանց պատմությունը»:
Նա նաև նշում է՝ եթե սկսի «չափից դուրս շատ արտահայտվել», դա կարող է հանգեցնել բազմաթիվ քրեական գործերի հարուցման: