World News

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վրացական ընդդիմությունն իրականացնում է «Մոսկվայի պլանը»

Այցով Մինսկում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին, որը կոչ էր արել վրացի ոստիկաններին չենթարկվել գործող իշխանությունների հրամաններին, հաղորդում է Interfax-ը:

«Անընդունելի է, որ այլ երկրի քաղաքացին արտերկրից Վրաստանի ոստիկանությանը չհնազանդվելու կոչ է անում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահը կարծում է, որ պետությունը պետք է ապահովի հասարակական կարգը և արձագանքի բոլոր խախտումներին:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ «ապակառուցողական» ընդդիմադիր ուժերը, որոնք բռնություն են հրահրում, իրականացնում են «Մոսկվայի պլանը»:

Նշենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը:

Читайте на сайте