World News

Վրաստանում ընդդիմությունը 3 պահանջ է ներկայացրել իշխանություններին

Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն իշխանություններին ուղղված երեք հիմնական պահանջ են հնչեցրել և բնակչությանը կոչ են արել միանալ խորհրդրանի շենքի մոտ անցկացվելիք ակցիային, որը մեկնարկել է 19:00-ին:

Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, իրենց պահանջները հայտնել են «Միասնական ազգային շարժում», «Վրաստանի Հանրապետական կուսակցություն», «Հանուն նոր Վրաստանի» և «Ժողովրդա-դեմոկրատական» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ճեպազրույցի ժամանակ:

Նրանց առաջին պահանջը երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն է, երկրորդը՝ ձերբակալված քաղաքացիների ազատ արձակումը:

«Գախարիայի հրաժարականի պահանջն ուժի մեջ է մնում: Գախարիան անպայման պետք է հեռանա: Անօրինական ձերբակալությունների առնչությամբ քրեական հետաքննություն սկսել, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել անօրինաբար ձերբակալված մեր համաքաղաքացիներին»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության քարտուղար Թամար Կորձայան:

Ընդդիմության երրորդ պահանջը կառավարության հետ բանակցություններ սկսելն է Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար:


Հիշեցնենք, որ նախօրեին շուրջ 7000 մարդու մասնակցությամբ ցույցեր են տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում, որոնց մասնակիցները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը: Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է ցրել հատուկջոկատայինների օգնությամբ, որոնք ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարների և նրանց միջև բախումների հետևանքով 240 մարդ տուժել է: Բախումների ժամանակ 305 մարդ բերման է ենթարկվել:

Այսօր ավելի վաղ հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էին վրաց խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիում նախօրեին մեկնարկած Ուղղափառության միջազգային միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչ Զաքարիա Կուցնաշվիլին:

Բողոքի զանգվածային ակցիայի պատճառ են դարձել վեհաժողովի ժամանակ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գործողությունները, որը վեհաժողովի նիստը բացել է վրաց խորհրդարանի խոսնակի աթոռին նստած: Խորհրդարանի առաջ հավաքված ցուցարարները նախօրեին փորձել են հարձակվել ռուսական պատվիրակության անդամների վրա, որոնք հեռանալիս են եղել միջադեպից հետո:

Читайте на сайте