Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունենում. ուղիղ
19։57
Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ տեղի ունեցող ցույցի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել: «Մենք երեք ժամ ենք տալիս ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային, որ հեռանա իր պաշտոնից այլապես մենք խաղաղ երթ կսկսենք Արևմտյան Վրաստանից, որպեսզի այստեղ հավաքվենք մեծ ուժերով և մերկ ձեռքերով մաքրենք այս իշխանությունը», - հայտարարել է ակցիայի մասնակիցը՝ ելույթ ունենալով հարթակից:
19։29
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի կոչին ի պատասխան նրա աջակիցներն այսօր՝ ժամը 19:00-ին, հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում և վերսկսել բողոքի ցույցերը։
Թբիլիսյան իրադարձությունները «Արմնյուզ»–ի եթերում մեկնաբանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տուժածներից 2-ը զրկվել են աչքից:
Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն երեկ երեկոյան Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հեռանալ պաշտոնից: