World News

«Երբ ասում են, որ Արցախը Հայաստանի մարզն է, շատ ծանր կացության մեջ են դնում Հայաստանին». Դ. Բաբայան

«Պատերազմի մասին երազում են միայն հիվանդ մարդիկ, ո՞նց կարելի է երազել պատերազմի մասին»: Գյումրիում ՀՀ Անկախության 28-ամյակի տոնակատարությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով  Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հայտարարություններին: Բաբայանը հայտարարեց, որ ամենայն լրջությամբ են վերաբերում այս հայտարարություններին Արցախում, քանի որ  Ադրբեջանն ահաբեկչական պետություն է:

«Օրինակ, կարող է առեւանգել մեր հայրենակիցներին արտերկրում՝ մեր երգիչներին, դերասաններին, արվեստագետներին, եւ հետո էլ փոխանակման այդ խայտառակ տարբերակն առաջարկել, որ իր մարդասպաններին ու ահաբեկիչներին փոխանակի»:

Արցախում շարունակու՞մ են քննադատել վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը: Այդ հարցին Բաբայանը պատասխանեց, որ բոլորն են ցանկանում տեսնել Արցախին եւ Հայաստանին միասնական պետության կազմում, սակայն պետք է հասկանալ, որ նմանատիպ հայտարարություններից օգտվում է առաջին հերթին Ադրբեջանը:

«Ո՞վ չի ուզում, որ Արցախն ու Հայաստանը մեկ միասնական կազմի մեջ հանդես գան: Բայց դրա համար ժամանակ է պետք: Ստացվել է այնպես, որ Արցախն այսօր հայտարարում է Հայաստանի անկախությունը, դա մենք չենք այդպես ուզել: Այդ 2 պետությունները հանդես գան որպես մեկ պետություն: Դրան մենք ուշ, թե շուտ հասնելու ենք: Երբ ասում են, որ Արցախը Հայաստանի մարզն է, շատ ծանր կացության մեջ են դնում Հայաստանին»:

Անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարություններին, որ Արցախն է հետքայլ անում բանակցային գործընթացում, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ հայտարարությունների համար դեր է խաղում այն հանգամանքը, որ Բրայզան թուրքական արմատներ ունի:

 

The post «Երբ ասում են, որ Արցախը Հայաստանի մարզն է, շատ ծանր կացության մեջ են դնում Հայաստանին». Դ. Բաբայան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте