World News

ՌԴ-ի կողմից ուժի լեզվով խոսելը և գազի հարցը քաղաքականությանը խառնելն ինչ-ինչ հարցեր լուծելու համար, կարծում եմ, բարդացող այս իրավիճակում տեղին չէ. տնտեսագետ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը քիչ հավանական է համարում, որ ռուսական կողմը կրկին կբարձրացնի գազի գինը, այս անգամ արդեն նաև ՀՀ վերջնական սպառողների համար: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Ես քիչ եմ հավանական համարում, նախևառաջ պետք է տարբերել՝ Ռուսաստանը՝ որպես մատակարար, ինչպիսի ակնկալիքներ ունի, և նաև «Գազպրոմը»՝ որպես դուստր ընկերություն, ինչպիսի ախորժակ ունի, և բացառում եմ նման զարգացումները: Առանց այն էլ  բավականաչափ գինը բարձր է, և նաև պետք է նկատի ունենալ այն այլընտրանքը, որ ՀՀ-ն ունի իրանական խողովակ և ոչ միայն իրանական գազ ձեռք  բերելու, այլ նաև միջին ասիական հանրապետություններից ձեռք բերելու, մասնավորապես  Թուրքմենստանից գազ ներկրելու հնարավորությունները»,-ասաց նա:  

Նշենք, որ ըստ մամուլի՝ խոսքը գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին է, ինչի մասին ՀՀ վարչապետի խոսնակը նշել էր, որ գազի գնի հարցը միշտ էլ քննարկում են ռուսական կողմի հետ, բայց տոկոսի մասին հարց չկա: Արդյունքը պարզ կլինի բանակցություններից հետո:

Տնտեսագետի խոսքով՝ նաև քիչ հավանական է, որ ՌԴ-ն գազի հարցը խառնում է քաղաքականությանը՝ ավելի մեծ չափով այնտեղից դիվիդենտներ  հավաքելու և այլ հարցեր ևս լուծելու տարբերակի համար: «Ես այդ տարբերակը ևս գրեթե բացառում եմ, որովհետև առանց այն էլ բարդ այս տարածաշրջանում և խորացող սանկցիաների պայմաններում ՌԴ-ն այդպիսով կարող է  կորցնել իր դաշնակից երկրներին և հավատարիմ գործընկերներին, որոնցից մեկն էլ ՀՀ-ն է: Ուժի լեզվով խոսելը և գազը խառնել քաղաքականությանը և փորձել ինչ-ինչ հարցեր լուծել, կարծում եմ, բարդացող այս իրավիճակում նաև ՌԴ-ի ներքաղաքական բարդ իրավիճակում այպիսի լծակներ բանեցնելը տեղին չեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական հիմքերին, ապա Մարգարյանը վստահ նշեց, որ նման հիմքեր չկան: «Միջազգային կամ համաշխարհային նավթագազային շուկաներում կայունություն է, և բարձրացման միտումներ չկան, ընդհակառակը՝ կան հատկապես Չինաստանի տնտեսական աճի կայունացման կամ նույնիսկ  նվազող պայմաններ, այնպես որ այդպիսի տնտեսական հիմքեր՝ էներգակիր վաճառող երկրների համար բարձրացնել գինը, չկան»,-նշեց նա:

Մյուս գործոնն, ըստ տնտեսագետի, այն է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանավորվածությունների, նաև Հայաստան-ՌԴ երկկողմ գազային պայմանագրի համաձայն՝ սահմանի վրա մատակարարող գազի գինը պետք է մոտ լինի ՌԴ-ի գազի ներքին գներին: «Ավելի կոնկրետ Օրենբուրգի մարզի գներին, իսկ դեռևս շատ  հեռու  է նման գներից, նույնիսկ կրկնակի թանկ է, ինչի մասին կան պայմանագրեր, և պետք  է կատարել դրանք, առանց այն էլ ՌԴ-ն սեփականացրել է ՀՀ-ի ռազմավարական էներգետիկ օբյեկտները շատ ցածր գներով՝ չնչին պարտքերի դիմաց, շահագործում է, գերշահույթներ է ստանում, բացի  այդ ներքին աուդիտի խնդիր կա և էներգաարտադրող կայաններում և բաշխիչ ցանցերում և գեներացնող հզորություններում, այնպես որ դեռ հարց են այն սակագները, որոնք վերջնական սպառողները, բնակչությունը և տնտեսվարող սուբյեկտները սպառում են  ռուսական գազը, արդյոք համադրելի են այն ծախսերին և  ողջամիտ շահույթներին, նաև կորուստներին փաստացի, որոնք գոյություն ունեն: Այդ հարցերը այս կառավարության թիրախում չեն հայտնվել, և վաղ թե ուշ դրանք քննության առարկա են դառնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե բացառում է քաղաքական կոմպոնենտը, բայց միայն երեկ ռուսական կողմը հայտարարեց, թե «Ռուսական երկաթուղիներ»-ը պատրաստվում է խզել ՀՀ իշխանությունների հետ համաձայնագիրը, որը պայմանավորված է իր դուստր ընկերության դեմ հարուցված քրեական գործով, և դա արդյոք քաղաքական գործոն չէ՞, Մարգարյանը պատասխանեց. «Քաղաքականը չպետք է խառնել, այստեղ ավելի շատ կոռուպցիոն սխեմաներն են աշխատում, և պետք է այնտեղ թափանցիկություն լինի, և այն ընկերությունները, որոնք այնտեղ աշխատում են, պետք է լինեն հաշվետու և առաջին հերթին որպես հարկատուներ, և նաև այնտեղ իրականցվող ներդրումային ծրագրերը պետք է բխեն իրենց պարտավորություններից: Այնպես որ պրետենզիաները երկուստեք են և բարի կամքի առկայության պարագայում կարելի է գնալ համաձայնությունների, կոնսեսուսի, բայց եթե չկա այդպիսի համաձայնություն, այո, ընկերությունները կարող են փոխարինվել այլ ընկերություններով, այնպես որ սուրբ տեղը դատարկ չի մնում, եթե «Ռուսական երկաթուղիներն. այդօրինակ քայլի է գնում, մեկ այլ օպերատոր կգտնվի, այնպես որ չեմ կարծում՝ դա մեծ խնդիր ու պրոբլեմ է»:  

Ատոմ Մարգարյանը նշեց, որ որևէ խնդիր չկա, որ ՀՀ-ն չբալանսավորված  քաղաքականության հետևանքով խնդիրների առաջ կանգնի, քանի որ ՀՀ-ում ձևավորված է լեգիտիմ բացարձակ քվե ունեցող երկիր և հետևաբար իր որոշումների և վարքագծի մեջ շատ ավելի անկախ կառավարություն և իշխանություն:

«Բոլոր ուղղություններով՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ-ի, թե՛ ամերիկյան, թե՛ հարավ-արևելյան Ասիայի հետ հարաբերություններում հավասարակշռված դիրքորոշում ունենալն է, սա է ելքը»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ Կառավարությունն ունի նման հնարավորություններ, որը գալիս է իր լեգիտիմ ստատուսից, այլ հարց է, թե որքանով կադրային պոտենցիալ ունի, և  համապատասխան  քաղաքականություն մշակողների մոտ կան այդ կարողությունները: «Հռոմն էլ միանգամից չի կառուցվել, եթե մի նախարար՝ Պողոս Պողոսյանը չի բռնում փորձությունը, Պետրոս Պետրոսյանը պետք  է փոխարինի և այդպես շարունակ, և ի վերջո Նիկոլ Փաշինյանը կարող է պաշտոնանկ անել, և այս կարգի հեղափոխություններից հետո  կառավարությունները անկայուն են լինում, և ոչ մի խնդիր չկա, փոփոխություններ անել մասնակի կամ ամբողջությամբ, մինչև որ կգտնվի այն օպտիմալ կազմը և կարողությունների հավաքածուն, որը արդյունավետ, նպատակամետ քաղաքականություն կվարի, իսկ եթե ոչ, մեխանիզմը պարզ է, արտահերթ ընտրություններ, նոր իշխանություն, նոր ձևաչափեր և նոր կառավարություն: Կարևորը այդ  բանաձևը գտնվել է, որ պետք է այդ ընտրությունները լինեն իսկապես օրիանական, ազատ, արդար, վերահսկելի, առանց քաղաքական կոռուպցիայի և  այդ ժամանակ շատ խնդիրներ, որոնք թվում է՝ անլուծելի են, լուծում կստանան»,-նշեց նա:

Читайте на сайте