Ավստրալիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը երկու երկրների բարեկամական հարաբերությունները խորհրդանշող նվերներով են փոխանակվել
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու երկրների տևական բարեկամական հարաբերությունները խորհրդանշող բրոնզե արձան է նվիրել, գրում է Daily Mail-ը:
Երկրի ղեկավարը խորհրդանշական արձանը և երկու այլ հուշանվերները հանձնել է ԱՄՆ նախագահին ուրբաթ օրը առաջին տիկնանց ուղեկցությամբ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Ավստրալիայի վարչապետն ԱՄՆ նախագահ Թրամփին երկրորդ համաշխարհային պատերազմի ավստրալացի հերոս Լեսլի Ալենի մասին պատմել է դեռևս մեկ տարի առաջ կայացած իրենց առաջին հեռախոսազրույցի ժամանակ, երբ Մորիսոնը նոր էր ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը:
Այնուհետև Մորիսոնը քանդակագործ Սքոթ Էդվարդզին հանձնարարել է ստեղծել Ալենի բրոնզե արձանը: Արձանը պատկերում է Ալենին՝ Պապուա Նոր Գվինեայի ճակատամարտի ժամանակ վիրավոր ամերիկացի զինվորին ուսի վրա դրած ռազմաճակատից դուր տանելիս:
Արձանի սև մարմարե պատվանդանը խորհրդանշում է երկու երկրներին միացնող ամուր կապը:
Ավստրալացի զույգը, սակայն, նվերներ էր պատրաստել նաև երկրի առաջին տիկոջ` Մելանիա Թրամփի և զույգի կրտսեր որդու համար. Մելանիա Թրամփին զույգը Ավստրալիայի Հարավային ծովի մարգարիտներից պատրաստված օղեր է նվիրել, իսկ կրտսեր որդուն` Բարոնին, անվանական մարզաշապիկ:
Թրամփն էլ իր հերթին Ավստրալիայի վարչապետին կառուցման փուլում գտնվող ԱՄՆ ծովային մարտական նավի մոդեն է նվիրել և իրական նավից կտրված այլումինի մի կտոր:
ԱՄՆ նախագահը Ավստրալիայի վարչապետին նաև նվիրել է շրջանակված քարտեզ, որը պատկերում է Կորալյան ծովում 1942 թվականին երկու երկրների միասնական ճակատամարտը:
ԱՄՆ առաջին տիկինն էլ տիկին Մորիսոնին նվիրել է Tiffany ապրանքանիշի` արծաթից ու ոսկուց պատրաստված զարդ` մագնոլիա ծառի փայտից պատրաստված զարդատուփով:
ԱՄՆ նախագահը և նրա կինը Մորիսոն զույգին նաև կաշեպատ, ոսկյա դաջվածքով լուսանկարչական ալբոմ են նվիրել, ինչպես նաև պաշտոնական հյուրերի համար պատրաստված մետաղյա թաս` նախագահական կնիքով և նախագահի ու կնոջ ստորագրություններով:
Նախագահի աշխատակազմը ալբոմը կհամալրի հանդիպման հիշարժան պահերը պատկերող լուսանկարներով:
Ավստրալիայի վարչապետը «դատարկաձեռն» չի եղել նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումների ժամանակ: