World News

Նիկոլի ժամանակի հերոսը

Այսօր Գյումրիում «Սև բերդում» ՀՀ անկախության 28-ամյակի տոնակատարության շրջանակում տեղի ունեցավ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխություն։ Թվում է՝ ի՞նչ արտառոց բան կա այստեղ, անգամ արտառոց չէ, որ հիմնական տոնակատարություններն անցնում են ոչ թե մայրաքաղաքում, այլ հայրաքաղաքում։

Բայց տեսանք, որ կա․ տևական ժամանակ անկախ պետականություն չունեցող, ընդամենը 28 տարի առաջ այն ձեռք բերած, հազիվ ենք կռիվ տալիս ինքներս մեզ հետ ու աշխարհի, որ չկորցնենք մեր անկախությունը, որ այն արժևորվի ոչ միայն այս սերնդի կողմից, այլ արվեն բոլոր այն վճռական քայլերը, որ մեր ազգի ու պետության համար գերագույն արժեք հանդիսացող անկախությունը ոչ միայն չվտանգվի, այլ անգամ նվազագույնս չսահմանափակվի, ինչ գնով էլ լինի։ Ուստի անկախություն կերտողը մեր ուսուցիչն է, որ գալիք սերնդին դաստիարակելու է անկախության ոգով, մեր զինվորն է, որ զենքը ձեռքին, կյանքի գնով պահում է մեր սահմանը, մեր գիտնականն է, որ եթե վառելիքաէներգետիկ ռեսուրսներ չունենք, ունենք կոմունիկացիոն դժվարություններ, ապա աշխարհի հետ հավասարը հավասարի պես հարաբերվելու հարցում մեր գիտական մտքի դերը դժվար է գերագնահատել, լինի դա ֆունդամենտալ գիտության ոլորտում, թե կիրառական։

Քարից հաց քամող, հողի հետ կռիվ տվող մեր գյուղացին է, մեր շինարարն է, մեր բանվորն է, մեր մտավորականն է, մեր շարքային քաղաքացին է։ Բայց ինչպիսի՞ մտքի փայլատակում պետք է ունենաս, որ անկախության առիթով մեր ժամանակի հերոս հռչակես միկրոբիզնեսի ներկայացուցիչներին։ Այստեղ կենդանի դասականը կասեր․ «Տղե՜րք, դուք լրիվ ոնց որ խառնել եք սաղ»։ Իհարկե, պետության անկախության համար կարող է շարժիչ ուժ լինել մեր տնտեսությունը, դրա մեջ ինչ-որ կարևոր մաս կարող է կազմել նաև միկրոբիզնեսը, թեպետ այն ոչ մի պարագայում, ոչ մի երկրում, ոչ մի ժամանակ չի եղել ու չի կարող լինել տնտեսության լոկոմոտիվը։ Այս ի՞նչ ենք անում։

Հոգևոր արժեքները խիստ կարևորող մեր հավատացյալ հայ ժողովուրդը, երբ անկախ պետականություն չի ունեցել, գոյատևել է լեզվի, ընտանիքի պահպանության շնորհիվ, իսկ եկեղեցին իր վրա է վերցրել պետության ֆունկցիաներ։ Այն ժամանակ, միանգամայն տրամաբանական էր, որ ժամանակի հերոսը հավատացյալ ժողովուրդն էր, Աստծո պատվիրաններին սրբորեն հետևողը։ Բանաձևը պարզ էր՝ մի քիչ էլ վատ կապրես՝ վատ կսնվես կամ կհագնվես, բայց ճիշտ ապրելով երկրային կյանքիդ հրաժեշտ տալուց հետո կընկնես դրախտ։ Մեր երկրում եկան իշխանության աթեիստ կոմունիստները, բերեցին իրենց արժեքները, նրանք էլ մերժեցին Աստծուն ու բնականաբար «նրա ժամանակվա» հերոսին։ Ասացին, որ մեր ժամանակի հերոսը նա է, որ մի քիչ վատ կապրի՝ վատ կսնվի, վատ կհագնվի, բայց պետություն կկերտի, որպեսզի դրախտ կառուցի երկրի վրա՝ կոմունիստական պետության տեսքով։ Հասկանալի է, որ անցած փուլերի արժեհամակարգներով կենսունակ պետություն կերտել հնարավոր չէր։ Անկախությունից հետո, աշխարհիկ պետություն կերտելով, բնական է, ստացվեց այնպես, որ նախակոմունիստական հերոսներին էլ մերժեցինք, կոմունիստականներինն  էլ, բայց տեղն ի՞նչ ստեղծեցինք, ի՞նչ քաղաքական օրակարգ ձևավորեցինք, ի՞նչ արժեհամակարգ կերտեցինք, որ մեր ժամանակի հերոսը վեհ արժեքներով առաջնորդվեր։ Դրա համար շուրջ երեք տասնամյակ մեր հերոսը շատ փող ունեցողն էր, լավ մեքենա քշողը, շքեղ առանձնատուն ունեցողը, և բոլոր հաստավիզ թիկնապահների մեջ ամենահաստավիզ թիկնապահ ունեցողը։ Մի խոսքով՝ ժամանակի շարժիչ ուժը նյութապաշտությունն էր, հերոսն էլ, միջոցների առաջ կանգ չառնող հնարավորինս շատ նյութական արժեքներ ձեռքբերողը։

Եթե համարում են, որ հեղափոխություն են արել, ոնց որ թե կռված տղաների սխրանքը պետք է արժևորվեր, ընտրակեղծիքներին այլևս պարտադրված մասնակցություն չունեցած ուսուցիչը պետք է կարևորվեր, պետք է արժևորվեր ցանկացած աշխատանք ու այդ աշխատանքը բարեխղճորեն կատարող յուրաքանչյուրը։ Իսկ դրան զուգահեռ փառաբանվեին կոնկրետ մարդիկ ում շնորհիվ մեր անկախ պետականությունը կզարգացնենք, մեր երկիրը կշենացնենք ու կհանձնենք գալիք սերունդներին։ Բայց եթե մի իշխանություն, որն իր մի քանի կիլոմետր քայլելը կարևորում է արցախյան պատերազմից, միանգամից հարց է առաջանում՝ դուք ի՞նչ եք, որ ձեր հերոսն ինչ լինի։

Ցավ եմ ապրում, որ միկրոբիզնեսի նվիրյալներին անկախության առիթով այսպես արժևորելով իրականում արժեզրկեցին հասարակության աչքում։ Ախր նրանց մեջ իսկապես կան արժանի մարդիկ, ու նրանց գործը պետք է ուշադրության արժանանա, բայց այս կարգի ապուշ ուշադրությա՞ն։

Ու եթե անգամ վարչապետն իր եզրափակիչ խոսքում թվարկեց նաև մեր երկրի մնացած հերոսներին, բայց եթե այդկերպ պետք է արժևորեր մեր իրական հերոսներին, ավելի լավ է այդ թվարկումն էլ չաներ։

Արմեն Կարեյան

Читайте на сайте