Ջենիֆեր Լոպեսը նորից է ցուցադրել «Google նկարներ» բաժնի ստեղծման պատճառ դարձած հանրահայտ կանաչ զգեստը (լուսանկարներ, տեսանյութ)
Երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը կրկին ցուցադրել է Versace-ի հանրահայտ կանաչ զգեստը, որը պատճառ է դարձել «Google նկարներ» բաժնի ստեղծման համար:
BBC News-ը հիշեցնում է, որ 50-ամյա Լոպեսն այդ զգեստն առաջին անգամ կրել էր 2000 թվականի փետրվարին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:
Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը հետագայում բացահայտել էր, որ համացանցի օգտատերերն այդ իրադարձությունից հետո այնքան շատ էին որոնումներ արել այդ զգեստի լուսանկարները գտնելու համար, որ դա ոգեշնչել էր իր թիմին ստեղծելու «Google նկարներ» (Google Images) բաժինը:
Տվյալ զգեստի նորացված տարբերակը Լոպեսը կրել է Versace-ի գարուն/ամառ 2020 ցուցադրության շրջանակերում բեմահարթակով անցնելիս: Ուրբաթօրյա միջոցառման տեսանյութը միլիոնավոր մարդիկ են հասցրել դիտել սոցցանցերում: