World News

Մենք գործ ունենք արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանցակազմի հետ. փաստաբան Վահե Եփրիկյան (տեսանյութ)

Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի դատական երկու նիստն էլ հետաձգեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աջակից, փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նա ասաց, որ պաշտպանության կողմը ներկայացրեց բողոքը, դատախազը հասցրեց հանդես գալ ելույթով, բայց դատարանը, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որոշեց այսօր դատական նիստը չավարտել:  Նա նկատեց, որ տղաներն արդեն երկար ժամանակ է, ինչ չեն կարողանում վիճարկել իրենց կալանավորման իրավաչափության հարցը և արդեն մոտենում են կալանքի երկարացման ժամկետին։

«Նարեկ Մութաֆյանը գոնե խոսել է տիկին Դանիբեկյանի հետ, Սարգիս Օհանջնանյանը որևէ խոսքի չի արտաբերել, և մենք գործ ունենք արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանցակազմի հետ` այնպիսի պայմաններում, որ մարդը փաստացի ուղղակի դատավորի առջևով քայլել է, որևէ բառ չի խոսել»-ասաց նա:

Վահե Եփրիկյանը նշեց, որ օրենքի և, առհասարակ, իրավունքի կոպտագույն խախտումներով՝ քննիչը ներկայացրել է մի «իրավախայտառակ» միջնորդություն, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Ըստ նրա՝ դատարանը պետք է վերացնի կալանքը և տղաները ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ: «Մենք գործ ունենք Նոր Հայաստանի հետ, թավշյա արդարադատության հետ, ինչով էլ պայմանավորված են արդեն իսկ կայացված կալանավորման որոշումները, չեմ կարծում, թե այնքան հեռու են իրավունքից և օրենքից, որ կայացրել են այս ակտերը, հակառակ դեպքում՝ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, որը դասական առումով դրսևորվում է տղաների նկատմամբ, և նրանք երկուսն էլ, այո, քաղաքական բանտարկյալներ են»,-ասաց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»: 

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Մանրամասները` տեսանյութում:

Читайте на сайте