World News

Արքայազն Հարին լքել է Մեծ Բրիտանիան

Արքայազն Հարին այս երեկո լքել է Մեծ Բրիտանիան և մեկնել Կանադա, որտեղ այժմ բնակվում են իր կինը՝ Մեգան Մարքլը, և որդին՝ Արչին: 

The Sun-ը հաղորդում է, որ Հարին Կանադա է մեկնել երեկոյան չվերթով՝ Լոնդոնում բրիտանա-աֆրիկյան ներդրումային համաժողովին մասնակցելուց հետո:  Այստեղ նա հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

Պարբերականը գրում է, որ արքայազն Հարին այնքան է շտապել լքել երկիրը, որ չի ներկայացել Բուքինգհեմյան պալատի երեկոյան ընդունելությանը, որի կազմակերպիչներից մեկը պետք է ինքը լիներ:

Ավելի վաղ արքայազն Հարին թագավորական ընտանիքի ավագ անդամի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից հետո խոսել է իր որոշման մասին և շնորհակալություն հայտնել հանրությանը 35 տարվա ընթացքում մշտապես իր կողքին լինելու համար:

Սասեքսի դուքսը նշել է, որ ի սկզբանե հույս է ունեցել առանց որևէ պետական ֆինանսավորման շարունակել թագուհուն, երկրին ու ռազմական միավորումներին ծառայելը, քանզի իր հարգանքը նրանց նկատմամբ երբեք չի վերանա:

Հավաստիացնելով, որ Մեծ Բրիտանիան միշտ կհամարի իր տունը` Հարին նշել է, որ իր կինը` Մեգանը, նույնպես կիսում է իր արժեքները և հարսանիքից հետո վերջինս ոգևորված է եղել թագավորական ընտանիքի մի մասը դառնալու համար և իր պարտականությունները լիարժեքորեն կատարելու հույս է ունեցել: 

Արքայազնը շեշտել է, որ այդ որոշումն իրեն շատ է վշտացրել, սակայն ընդգծել է, որ այն իրեն հեշտ չի տրվել, և դրանից հետ կանգնելու տարբերակ չի ունեցել:

Ելույթում դուքսը նշել է, որ հանրությունը, մարդիկ իրեն ապրել են սովորեցրել, ուստի նա կշարունակի լինել այն Հարին, որին բոլորը գիտեն:

Читайте на сайте