Մինչև ՀՀ-ում չլինի պետականամետ իշխանություն, չենք կարող մտածել որևէ ոլորտի զարգացման մասին. այժմ միակ ելքը այս իշխանությանը հեռացնելն է, ապա պետականամետ իշխանության ձևավորումը. Ռազմիկ Դավոյան
Մինչև ՀՀ-ում չլինի պետականամետ իշխանություն, չենք կարող մտածել որևէ ոլորտի, այդ թվում՝ մշակույթի զարգացման մասին: Այսօր Հայաստանը գտնվում է զարհուրելի վիճակում, երբ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում մշակույթը տրորվել է անկախության հռչակումից հետո, և մինչ այսօր որևէ մեկը ջանք չի գործադրել՝ մշակույթն առաջնային պլան բերելու համար, սակայն, ըստ Դավոյանի, վերջին 2,5 տարում դա ավելի ընդգծված է եղել, և ոչինչ չի արվել՝ ազգային մտածելակերպով քաղաքացու զարգացման համար:
Հարցին՝ ինչ պետք է արվեր իշխանության կողմից, որ չի արվել, Դավոյանը պատասխանեց, թե ինքը պահանջ չունի այն խմբից, որին իշխանություն չի համարում:
«Ես իրենց չեմ համարում ո՛չ իմ, ո՛չ երկրիս իշխանությունը, հետևաբար նրանց պահանջներ չեմ ներկայացրել, չեմ ներկայացնում ու ակնկալիքներ չունեմ: Երբ երկրում լինի իրական իշխանություն, նրանից կարելի է ունենալ ակնկալիքներ: Ես դատարկ տեղից պահանջ չեմ կարող ներկայացնել: Ո՞վ գերիներին վերադարձրեց, ո՞վ տնտեսությունը վերականգնեց, ո՞վ սահմանները պաշտպանեց, ոչ դե դա թողեց սահմաններին ապրող ժողովրդի ուսերին: Այս դեպքում ի՞նչ ակնկալել»,- ասաց բանաստեղծը՝ նշելով, թե իր կարծիքով՝ այս իշխանությունը տապալել է բոլոր ոլորտների գործունեությունը:
«Նրանց կողմից պարազիտային հարձակում է երկրի և ժողովրդի վրա: Միաժամանակ, հարևան երկիրը, մեր մշակութային արժեքները ոչնչացնելով, փորձում է ինքն իրեն ինչ-որ արժեք տալ, դա այնքան ձևական ինքնակայացում է, բայց ո՞ւմ ձեռքը կարող է հասնել Նարեկացուն: Մենք ունենք մշակութային արժեքներ, անգրավելի հարստություններ՝ մշակույթ, լեզու, պատմություն: Դրանց պաշտպանությունն ու դրանցով էլ սերունդներին կրթելը նշանակում է ամրացնել մեր պետականությունը, հասարակությունը, բայց դրա համար ևս պետականամետ իշխանություն է պետք»,- ասաց նա՝ նշելով, թե պահանջները կդրվեն այն ժամանակ, երբ կլինի կարողունակ իշխանություն:
«ՀՀ երկու նախագահները բանակի հետ պետության տարրեր են ստեղծել, սակայն այն դեռ ամբողջական պետություն չէր, այս «իշխանությունները» եկան, դա էլ ջարդեցին: Պետք է սպասել պետության կառուցմանը: Այս պահին միակ ելքը այս իշխանությանը հեռացնելն է, ապա պետականամետ իշխանության ձևավորումը: Դրանից հետո պետք է աշխատել այն ոլորտների զարգացման ուղղությամբ, որոնք այս իշխանության ձեռքով տապալվել են»,-ասաց Ռազմիկ Դավոյանը: