Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 513 000 դեպք է գրանցվել աշխարհում
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 122,5 մլն-ը, վերջին մեկ օրում կորոնավարակակիրների թիվն ավելացել է 513 797-ով: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 2,7 մլն-ը, ի դեպ, մահվան 9 984 դեպք է արձանագրվել վերջին մեկ օրում: ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում միայն երկրների ներկայացրած պաշտոնական տվյալները:
Վերջին մեկ օրում գրանցված վարակման նոր դեպքերի ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկել Եվրոպայի տարածաշրջանին (206 504), երկրորդ տեղում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան (202 660), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (51 988):
Աշխարհում վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Թուրքիան, Գերմանիան, Կոլումբիան և Արգենտինա: