World News

Բայդենն «անհիմն» է անվանել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու որոշումը՝ մատնանշելով Թուրքիայում կանանց սպանությունների թվի աճը  

Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը հետքայլ է ողջ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության հարցով միջազգային շարժման համար: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:

ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ կոնվենցիայից երկրի «հանկարծակի և անհիմն» դուրս գալը խոր հիասթափություն է առաջացնում: «Ամեն օր ողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերի թվի աճ ենք տեսնում, այդ թվում և Թուրքիայում՝ կոնվենցիան առաջինը ստորագրած երկրում, կանանց սպանությունների թվի աճի մասին տեղեկություններ ենք ստանում»,- նշել է Բայդենը:

Նրա կարծիքով՝ երկրները պետք է աշխատեն կանանց նկատմամբ բռնության դադարեցման հարցով իրենց պարտականությունների ամրապնդման ուղղությամբ և ոչ թե մերժեն նրանց պաշտպանությանն ուղղված միջազգային պայմանագրերը:   

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը դատապարտել են նաև Եվրոպայի խորհուրդն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Читайте на сайте