Մասկը հայտարարել է, որ Tesla-ն պաշտոնապես կհայտնվի ՌԴ և ԱՊՀ շուկաներում
Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ շուտով իրեն պատկանող Tesla մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես մուտք կգործի Ռուսաստանի, Ղազախստանի և ԱՊՀ այլ երկրների շուկաներ: Այս մասին նա հայտարարել է «Նոր գիտելիք» ռուսական մարաթոնի շրջանակում ունեցած ելույթում, գրում է kommersant.ru-ն:
«Կարծում եմ` շուտով ներկա կլինենք Ռուսաստանում, և Tesla-ն շուտով կլինի Ռուսաստանում: Կարծում եմ` դա ցնցող կլինի: Եվ պետք է ավելի լայն նայել Ղազախստանին, ԱՊՀ երկրներին»,-ասել է գործարարը:
Նա կանխատեսել է, որ ապագայում ամբողջ տրանսպորտը կլինի էլեկտրական և բացառություն կլինեն միայն հրթիռները: Ըստ Մասկի` ապագայում էլեկտրական կլինեն նավերը, մեքենաները և ինքնաթիռները, իսկ մարդկությունը ներքին այրման շարժիչով մեքենաները կհամարի արխիվային: