Մենք դուրս ենք եկել մարտի թուրքական իշխանության դեմ Հայաստանում և այսօր տեսնում ենք մեկ ճանապարհ՝ թուրքական իշխանության վռնդումը. Գագիկ Մինասյան
ՀՀ քաղաքական գործիչ, Ազգային ժողովի վեց գումարումների պատգամավոր և ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը Tert.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, արտահերթ ընտրություններին։
-Ի՞նչ կարծիք ունեք հայ–ադրբեջանական սահման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին: Ըստ տարածվող փաստաթղթի՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար փաստաթուղթը Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները վերադարձնել մի քանի գերի և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները:
- Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքին չի կարելի հավատալ և վստահել: Մարդ, որը 3 տարիների ընթացքում միմիայն ստել է և ամբողջ պատերազմի պատմությունն է ստել, որը պատերազմից հետո ստորագրել է չարաբաստիկ փաստաթուղթը, և հիմա ես ավելի քան համոզված եմ, որ փաստաթղթում կա ոչ պարզ մաս, պետք է, ըստ էության, ավելի հստակեցված լինեն այն չարագործությունները, որոնք հերթական անգամ վարչապետի պաշտոնակատարը ցանկանում է կատարել և խոսքը վերաբերում է սահմանամերձ տարածքներում գտնվող գյուղերին, որոնք կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, հետևաբար այն գործընթացները, որոնք ընթանում են դավաճան իշխանության կողմից շարունակությունն են այն ծրագրի իրականացման, որը սկիզբ է առել դեռ 3 տարի առաջ և չի հասել իր վերջնական կետին:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն և ի՞նչ գործընթացներ պետք է սկսվեն, որպեսզի այս փաստաթուղթը չստորագրվի։
-Ներկա իրավիճակում ուղղակի դժվար է ազդել այդ գործընթացների վրա առանց ժողովրդավարական լայն շարժման, իսկ հիմա արտահերթ ընտրություններից առաջ բարենպաստ պայմաններ չեն այդպիսի լայն շարժում իրականացնելու համար: Ես ենթադրում եմ, որ արտահերթ ընտրություններից հետո նոր իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այս հայտարարությունը գնահատվի մեր ներքին օրենսդրությանը հակասող և առ ոչինչ ճանաչվի, եթե դրա մեջ հատկապես կան այդպիսի մասեր:
- Սկզբնական շրջանում շրջանառվում էր վարկած, որ Հայաստանի տարածքում են ադրբեջանական ԶՈՒ-ի մոտ 250 ներկայացուցիչներ, իսկ հետո նշեցին, որ 500: Դատախազությունը քրեական գործ է հարուցել, բայց դեռևս արդյունքներ այս հարցի շրջանակներում չկան, ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի շուրջ:
- Ես կարծում եմ, որ քրեական գործ պետք է հարուցվի այս սահմանային հարցի վերաբերյալ հենց վարչապետի աթոռը զավթած անձի նկատմամբ, քանի որ սա Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցն է և այդ տեսակետից կարծում եմ, որ պետք է արձանագրենք՝ 30 տարիների ընթացքում այպիսի բան չէր եղել, և բնակչությունն անգամ իր զարհուրելի երազում չէր կարող պատկերացնել, որ 500 թուրք զինվորական կարող է մտնել ՀՀ պետական տարածք, և իշխանությունը չկարողանա պատշաճ գործողություններ կատարել և թուրք զինվորականներին օրեր շարունակ չկարողանան դուրս վռնդել:
- Չնայած ստեղծված իրավիճակին՝ հունիսի 20-ին սպասվում են արտահերթ ընտրություններ և արդյո՞ք տվյալ ժամանակաշրջանում նպատակահարմար է նախընտրական քարոզարշավներ իրականացնել, իսկ հետագայում արտահերթ ընտրություններ:
- Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել արտահերթ ընտրություններին, և պետք է նշենք, որ իրավիճակը պարտադրված է, սա չէ ճիշտ լուծումը: Մեր կուսակցությունը եղել է առաջինը, որը բացահայտել է այս դավաճան իշխանության էությունը, և այս վերջին փուլում մենք չենք կարող մի կողմ քաշվել և չմասնակցել արտահերթ ընտրություններին:
- Արտահերթ ընտրությունները կարո՞ղ են միջոց լինել, որպեսզի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դադարեցնի իր լիազորությունները և տեղի ունենա իշխանափոխություն:
-Մենք մարտի ենք դուրս եկել Հայաստանում թուրքական իշխանության դեմ և այսօր մենք տեսնում ենք մեկ ճանապարհ՝ թուրքական իշխանության վռնդումը: Հետևաբար` մենք ուրիշ որևէ տարբերակի քննարկում անհնարին ենք համարում, քանի որ դա նույնն է, որ զինվորը ճակատամարտից առաջ մտածի, որ հնարավո՞ր է ինքը պարտվի, թե ոչ: Մենք դիտարկում ենք միմիայն հաղթանակ և ազատում այս թուրքական իշխանությունից:
- ԱՄՆ-ն հայտարարություն տարածեց, որով իր քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս այցելել Հայաստան: Ըստ Ձեզ՝ սա կանխակա՞լ վերաբերմունք է, թե՞ ակնկալվող պատերազմի նախազգուշացում:
-Այս հայտարարությունը կարող է տարբեր բաներ նշանակել, բայց քանի որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ այսպիսի հայտարարություն լսեցինք պաշտոնական մակարդակով ԱՄՆ-ից, և մի քանի օր հետո սկսվեց պատերազմը, ես չեմ բացառում, որ նրանք կարող են դիտարկել նաև այդպիսի սցենարներ: