World News

«Մեկ օրը բավական չէ հարգանքի տուրք մատուցելու հոր այն տեսակին, ինչպիսին դու ես». Քայլի Ջեները Հայրերի օրվա առթիվ շնորհավորել է զուգընկերոջը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն ընկերոջն ու դստեր հորը՝ երաժիշտ Թրևիս Սքոթին շնորհավորել է Հայրերի օրվա առթիվ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երաժիշտը հեռուստաաստղին և իրենց դստերը «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում իր պարգևատրմանը հրավիրելով հաստատել է իրենց վերամիավորման մասին լուրերը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգի հաշտվելու մասին խոսակցությունները վերջին շրջանում սկսել էին թեժանալ։

Քայլի Ջեներն իր ինստագրամյան էջում տեղադրել է ընկերոջ լուսանկարն իրենց դստեր հետ՝ կից գրելով․ «Ուրախ հայրերի օր։ Մեկ օրը բավական չէ հարգանքի տուրք մատուցելու հոր այն տեսակին, ինչպիսին դու ես, մենք շատ բախտավոր ենք քեզ ունենալու համար»։

Լուսանկարում Kylie Cosmetics ապրանքանիշի 23-ամյա հիմնադիր հեռուստաաստղը կրում է սպիտակ զգեստ և ոսկեգույն օղեր և մտերիկ կերպով հենված է ընկերոջը, որը գրկել է իրենց 3-ամյա դստերը՝ Սթորմիին։

Ավելի վաղ People ամսագրի աղբյուրը նշել էր, որ Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը վերջերս բավական շատ ժամանակ են անցկացնում ընտանիքով։ Նրանք երկուսն էլ ցանկանում են հնարավորինս ներկա լինել Սթորմիի կյանքում և շատ են աշխատել լավ ընտանեկան մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երաժիշտ Թրևիս Սքոթը «հաստատել էր» իր և հեռուստաաստղի վերամիավորման մասին լուրը՝ նրանց հրավիրելով «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում իր պարգևատրմանը։ «Փարսոնս Բենեֆիթ»-ը մրցանակաբաշխություն է, որի ընթացքում մրցանակներ են հանձնվում նորաձևության, արվեստի, ձեռներեցության և սոցիալական արդարության ոլորտներում։ Իրենց ինստագրամյան էջերում երեկոյից լուսանկարներ էին հրապարակել թե՛ Քայլի Ջեները, թե՛ Թրևիս Սքոթը։

«Սթորմի, սիրում եմ քեզ, և իմ կին, սիրում եմ քեզ», - գրել էր երաժիշտը։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել էին 2019 թվականին՝ երկու տարի համատեղ կյանքից հետո։ E!News-ը, վկայակոչելով իր աղբյուրը, նշել էր, որ զույգը պաշտոնապես վերջ չի տվել հարաբերություններին, սակայն առժամանակ բաժանվել է՝ հաճախակի դարձած վիճաբանությունների պատճառով։

Զույգը սկսել էր հանդիպել 2017 թվականին և շաբաթներ անց հայտարարել Քայլիի հղիության մասին։

Читайте на сайте