Հունաստանի վարչապետը Հյուսիսային Կիպրոսում անօդաչուների բազա ստեղծելու Թուրքիայի ծրագիրը «սպառնալից» է անվանել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «սպառնալից» է համարել Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի գրավյալ տարածքում անօդաչու թռչող սարքերի բազայի ստեղծման ծրագիրը, ինչպես նաև Ֆամագուստա-Վարոշիի նախկին առողջարանային գոտու հետագա զարգացման ուղղությամբ Անկարայի գործողությունները: Այս մասին Միցոտակիսը հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կիպրոսի շուրջ շարունակվող ճգնաժամի հարցում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ համակարծիք ենք: Երկու պետությունների վերաբերյալ պնդումների մասին խոսք լինել չի կարող, քանի որ դրանք հակասում են ինչպես Անվտանգության խորհրդի որոշումներին, այնպես էլ եվրոպական օրենքներին։ Հատկապես, երբ դա ուղեկցվում է սպառնալից գործողություններով, ինչպիսիք են՝ Վարոշի շրջանի հետագա բացումը և բռնազավթված Լեֆկոնիկոյում անօդաչու թռչող սարքերի բազայի ստեղծման պլանները»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը:
Նշենք, որ մինչև 1974 թվականին թուրքական բանակի ներխուժումը, Ֆամագուստան համարվում էր Կիպրոսի գլխավոր հանգստավայրը, որն անվանում էին «միջերկրածովյան Լաս Վեգաս»։ Թուրքական զորքերը ներխուժումից հետո Ֆամագուստայի հունական համայնքի 26 հազար ներկայացուցիչներին, որոնք կազմում էին քաղաքի բնակիչների ակնհայտ մեծամասնությունը և որոնց զգալի մասը բնակվում էր քաղաքի գլխավոր առողջարանային շրջանում՝ Վարոշում, հրամայել էին մեկ օրում լքել քաղաքը։