World News

Նույն պատասխանն եմ տալիս, որևէ մեկը չի օգնելու, մենք մենակ ենք. Էդիկ Բաղդասարյան

Որեւէ մեկը չի օգնելու, մենք մենակ ենք: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասայանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««Պապս չէր թողնում մեր ձորակով թուրք անցներ: Նրան շատ աղոտ եմ հիշում, գրեթե չեմ հիշում, ընդամենը մի դրվագ՝ գյուղամիջյան ճանապարհին ձեռքս բռնած քայլում էինք, ինքը շատ բարձրահասակ էր եւ կռացած էր ձեռքս բռնել, էլ ոչինչ չեմ հիշում: Սկսել եմ ինձ մեղադրել, որ չեմ հիշում: Փոքր էի, 2,5 տարեկան: Նրա մասին պատմություններն ուշ եմ իմացել: Վերջին անգամ նրա մասին պատմել էր հորաքրոջս աղջկա ամուսինը, որն անցյալ տարի մահացավ, մեր գյուղը՝ Քարին տակը գրավելուց հետո։ Նրանք էլ են կորցրել իրենց տունը:

Հարազատներս, ընկերներս ինչպե՞ս են շարունակելու ապրել, նրանց տները Շուշիում են, Քարին տակում, Ստեփանակերտում, Հադրութում: Տուն կորցրած մարդկանց հետ դժվար է զրուցել, ինչի՞ մասին կարող ես խոսել այդ մարդկանց հետ: Նրանց ամբողջ կյանքն էդ տների հետ է շաղկապված: Նրանցից շատերը հենց իրենք են կառուցել իրենց տները, մի մասն էլ հորական, պապական տներում էր ապրում: Չեմ ուզում հանդիպել նրանց:

Մի շաբաթ առաջ Երեւանում ապրող ընկերներիցս մեկը զանգեց, ասաց՝ ինչո՞ւ չես երեւում, արի՝ կզրուցենք: Ասում եմ՝ ինչ կա զրուցելու: Ասում է՝ լավ, գոնե կնստենք իրար հետ: Նրանք հարցեր են տալիս ռուսներից, ամերիկացիներից, եվրոպացիներից: Հարցնում են՝ չեն կարո՞ղ մի բան անել: Ասում եմ՝ ոչ, որեւէ մեկը որեւէ բան չի անելու: Հարցերն ուրիշ ձեւով են փորձում ձեւակերպել, բայց նույն պատասխանն եմ տալիս, որեւէ մեկը չի օգնելու: Մենք մենակ ենք, ասում եմ:

Իսկ հիմա Արցախը լրիվ կտրվել է արտաքին աշխարհից, պաշարված է: Սնունդը վերջանում է, հիվանդների դեղերը վերջանում են: Աշխարհին չի էլ հետաքրքրում դա: Աշխարհը իր ճոճքի մեջ ապրում է սովորական կյանքով: Ու հիմա եմ հասկանում եմ, թե պապս ինչու էր ղաչաղ դարձել ու մի քանի հոգով ձորակ էին պահում:

Նրա երեք եղբայրները կուլակաթափության ժամանակ իրենց ոսկիները վերցրել են ու փախել Ղարաբաղից: Մեկը տնավորվել էր Տաշքենդում (հայտնի մարդիկ էին դարձել նրա զավակներ), մյուսը՝ Աշխաբադում (երկու դուստրերը Թուքմենստանի ամենահայտնի բժիշկներն էին), երրորդը՝ Աստրախանում: Մայրս հետո նրանց զավակներին գտել էր: Իսկ պապս, որ եղբայրներից փոքրն էր, չէր գնացել նրանց հետ: Չգիտեմ՝ ինչու չէր գնացել եղբայրների հետ ու hետո ղաչաղ էր դարձել»։

The post Նույն պատասխանն եմ տալիս, որևէ մեկը չի օգնելու, մենք մենակ ենք. Էդիկ Բաղդասարյան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте