«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել
Երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար 13 հասցեում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի հոգու ծեծի են ենթարկել: ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն:
Ոստիկանները պարզել են նաև, որ այդ 3 քաղաքացիները և Երևանի բնակիչ 64-ամյա Գնել Ա․-ն հուլիսի 3-ին՝ ժամը 23։00-ին, ՀԷՑ «Արաբկիր» մասնաճյուղի տնօրեն 31-ամյա Նարեկ Փ․-ի ցուցումով մեկնել են Ռուբինյանց փողոցի թիվ ենթակայաններից մեկը, որտեղից, իբրև թե, հրդեհի ահազանգ է եղել: Տեղում պարզվել է, որ հրդեհ չի եղել և մոտ 10 անձ Ռուբինյանց փողոցի 27/109 հասցեի մոտ հարձակվել են նրանց վրա, և ծեծի են ենթարկել Սերյոժա Ե․-ին, Սևակ Վ․-ին, Վահան Զ․-ին և Գնել Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պարզվել է, որ ծեծի ենթարկող անձանցից են ոմն Քանաքեռցի Սայաթի որդի Արտյոմը, Երևանի բնակիչ 44-ամյա Վլադիմիր Մ․-ն և 45-ամյա Հայկ Դ․-ն, ում ձեռքին այդ պահին եղել է հրազենին նմանվող առարկա:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները և մասնակիցների տվյալները պարզելու ու մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: