Չի կարելի նույն սանդղակի վրա դնել, ռաբիսը չի կարելի բարձրացնել. Էլլադա Չախոյանը՝ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին
Tert.am-ը զրուցել է հայազգի օպերային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էլլադա Չախոյանի հետ, ով բնակվում է ԱՄՆ-ում: Էլլադա Չախոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջին անգամ Հայաստան 17 տարի առաջ էր եկել, այսօր կարծում է, որ Երևանը շատ է գեղեցկացել: Երգչուհին նշեց, որ Սփյուռքում հայապահպանության խնդիր կա՝ հայերը ձուլվում են, պետական միջամտություն է հարկավոր: Օպերային երգչուհու գնահատմամբ՝ այսօր ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն նախկինը չէ՝ հետընթաց ունի, խաղացանկը քիչ է: Էլլադա Չախոյանը խոսեց նաև մի վերջերս ՀՀ վաստակավոր արտիստ ստացած երգիչների մասին և շեշտեց, որ ինքը դեմ է այդ երևույթին, քանի որ ռաբիսը երգչի անունը չի կարող լինել, օրինակ՝ Հովհաննես Բադալյանի անվան կողքին:
- Տիկի՛ն Չախոյան, այս օրերին ՀՀ-ում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն էր, ի՞նչ են տալիս նման համաժողովները, արդյո՞ք Հայաստան-Սփյուռք կապը ցանկալի մակարդակի վրա է:
- Ես այսօր այստեղ եմ «Ծագումով հայեր» հաղորդման տասնամյակը տոնելու շրջանակում, սակայն այս օրերը միասնականացել են, վարչապետն է ինձ հրավիրել: Ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում ու հենց այս օրերին, ես վաղուց Հայաստանում չէի եղել՝ վերջին անգամ 17 տարի առաջ էի եղել: Մի քիչ ընդմիջումներով է իմ գալը ստացվում, քանի որ շատ զբաղված եմ:
- 17 տարի չեք եկել Հայաստան, փոփոխություններ տեսնո՞ւմ եք, եթե այո, ապա դո՞ւր են գալիս են Ձեզ այդ փոփոխությունները:
- Արտաքնապես մեծ փոփոխություններ են եղել Հայաստանում, շատ է փոխվել նաև Երևանը՝ գեղեցկացել է: Ժողովրդի պահով ասեմ, որ կարծում եմ, ես շատ քիչ ժամանակով եմ այստեղ, որ կարողանամ հասկանալ, թե ինչպես են ապրում: Գիտեմ՝ աշխատանքի հարցը մի քիչ դժվար է, բայց առաջխաղացում շատ կա: 1992 թվականին, երբ եկել էի համերգի, ուտելու հաց չկա, ես մի փոքր կտոր երշիկ եմ կերել ու մենահամերգ տվել: Դրանից հետո Հայաստան եկա 2000 թվականին, արդեն մի փոքր փոփոխություն կար, բայց տարբերությունն այդքան մեծ չէր, պարզապես ժողովուրդն ավելի ազատ էր իրեն զգում: Հիմա ես չեմ ճանաչում Երևանը, այն այնպես է փոփոխվել, կառուցվել ու գեղեցկացել:
- Հայաստանում կամ Երևանում կա՞ Ձեզ համար սիրելի, հոգեհարազատ անկյուն:
- Երևանում ես շատ եմ սիրում, կարոտում , Օպերային թատրոնը, որն իմ տուն է, այն իմ թատրոն է: Հետո, որ ես շատ եմ սիրում իմ տուն է, որ ես ապրում էի, և իմ մանկության տունը, որտեղ մեծացել եմ: Մենք այստեղ «Դալան»-ում ճաշեցինք, երբ մտանք ես հուզվեցի, քանի որ այնտեղ տուն կար, որ իմ հորեղբայրն էր ապրում, իմ հորական տատս էր ապրում: Իմ մանկությունն այստեղ էր անցել, ես 17 տարի չէի տեսել:
- Դուք բնակվում եք ԱՄՆ-ում, ի՞նչ եք կարծում՝ Սփյուռքում հայապահպանության խնդիր կա՞:
-Այո՛, ցավոք, կա, որքան էլ ուզում են պահել, միևնույն է, ձուլվում են, 1-2 սերունդ անցնում է ու ձուլվում են՝ ամուսնանում են օտարների հետ և այլն: Այս երևույթի դեմն առնել չես կարող, քանի որ իրենք այդ լեզվով են խոսում, այդ երկրում են ծնվում, իրենցը դա է դառնում: Սա շատ մեծ ցավ է, մի բան պետք է արվի, ինչ-որ ձև պետք է Սփյուռքի համար հետաքրքրություններ ստեղծել, որ իրենք դեպի Հայաստան ավելի շատ նայեն՝ գան ու գնան:
- Այսինքն՝ խնդիրը համակարգայի՞ն է, ՀՀ-ի միջամտությո՞ւնն է հարկավոր:
- Այո՛, կարծում եմ, պետական մակարդակով պետք է խնդիրը կարգավորվի: Օրինակ՝ այն անունները, որոնք դուրսն են, հրավիրեն, շահագրգռեն, որ ժողովուրդը հետ գա: Ժամանակին, ներգաղթ եղավ, հիմա էլ մի բան մտածել է պետք: Սակայն ես չեմ կարող ինքս մտածել այս խնդիր մասին, բայց ցանկությունս այն է, որ Հայաստանը լցվի, ոչ թե՝ դատարկվի:
- Արտերկրում ապրող հայերից շատերը հայտարարում են, թե կցանկանային մշտապես բնակվել ՀՀ-ում, բայց ինչ-որ մի բան միշտ խանգարում է: Ձեզ ի՞նչն է խանգարում ՀՀ-ում մշտապես բնակություն հաստատել։
- Իմ մտերիմներն այնտեղ են, սա առաջինն է: Այն գործը, որ ես հիմա անում եմ, կարծում եմ, շատ կարևոր է: Ես դասավանդում եմ, աշխատում եմ ավելի շատ հայ երգիչներ աճեցնել: Այս անգամ իմ ուսանողներից մեկին բերել եմ, որ հասկանան, թե այնտեղ այն ինչ մակարդակի կարող է հասնել, եթե նրանց ճիշտ ուղղությամբ տարվի:
- Դուք օպերային երգչուհի եք: ՀՀ-ի օպերային արվեստն ինչպե՞ս եք գնահատում, Ձեզ դո՞ւր է գալիս ներկայիս պատկերը:
- Ցավոք, չկա այն Օպերան, որը նախկինում կար: Մենք շատ լավ թատրոն ունեինք, մինչև 96-97 թվականներ պահպանվեց թատրոնը, սակայն դրանից հետո սկսվեց քանդվել ու քանդվել: Այսօր խաղացանկը, որ մենք նախկինում ունեինք չկա, երգիչները չկան: Թեպետ ասեմ, որ ես ինքս եմ դուրս եկել, քանի որ ժամանակին երկինքն ինձ շատ փոքր էր թվում, այսօրվա նման ազատություն չկար, որ մարդ ցանկության դեպքում կարողանար գնալ, երգել: Երբ ես պետք է առաջին անգամ Իտալիա գնայի, չթողեցին, նոր երկրորդ անգամ մրցույթի պետք է մասնակցեի ու մի կերպ թողեցին: Իսկ հիմա այլ է, մարդն ազատ է, եթե դրամ ունի, կարող է տոմս առնել և գնալ ուր ցանկանում է, մասնակցի ինչ մրցույթի, որ ցանկանում է: Այն ժամանակ այս ամենը չկար, դրա համար ես գնացի: Հիմա մենք դրսում երիտասարդ շատ լավ երգիչներ ունենք, այո՛, կոչ եմ անում, որ բոլորը գան, բայց մեզ մի թատրոնը քիչ է: Եթե խաղացանկը լավ ու մեծ լինի, ապա կգան, կերգեն ու մի օր էլ կորոշեն, որ գալիս ու մնում են:
-Դուք խոսում եք երգիչներին այստեղ բերելու մասին, սակայն օպերային շատ երգիչներ այսօր հեռացել են Հայաստանից, ի՞նչն է պատճառը:
- Ցավոք, այո՛, կա այդ երևույթը, հավանաբար, ճանապարհ չեն տեսնում ու դրա համար են գնում: Եթե հանգիստ լինի, ապրուստը մարդիկ հայթայթեն, ապա ոչ մեկ այստեղից չի գնա, ես վստահ եմ: Գուցե ներքին այլ հարցեր կա, որ ես չգիտեմ, քանի որ իմ տեսածը միայն գեղեցիկն է, ես մի քանի օր եմ այստեղ լինում, ինձ լավ ընդունում են, ճանապարհում, ես խնդիրներին ներսից չեմ հասցնում ծանոթանալ: Միայն գիտեմ, որ լավագույն եմ ցանկանում ու հուսամ՝ամեն բան լավ կլինի:
-Ամբողջ աշխարհում կա կոմերցիոն երաժշտություն, սակայն ոչ բոլոր երկրներում են կոմերցիոն երգերի կատարողները դառնում վաստակավոր արտիստներ: Դուք վերջս վաստակավոր ստացած մեր արտիստների մասին ի՞նչ կասեք:
- Ես դեմ եմ այս երևույթին, թող այլ ձև գտնեն պարգևատրելու, բայց ոչ այդ կոչումը: Հիմա ես վաստակավոր արտիստ եմ, Հովհաննես Բադալյանը վաստակավոր արտիստ էր դարձավ ժողովրդական, Ռուբեն Մաթևոսյանը և այլք: Ուզում եմ ասել, որ չի կարելի նույն սանդղակի վրա դնել, ռաբիսը չի կարելի բարձրացնել ու հավասարեցնել այդ մակարդակին:
- Ո՞րն է Ձեր երազած Հայաստանը, Դուք այն տեսնո՞ւմ եք:
- Նախ ուզում եմ, որ մի օր չմտածենք, որ նորից կռիվ կլինի, մեր սահմաններն ապահով լինեն: Ես կուզեմ, որ մեր զինվորը զինված լինի, որովհետև ես լսել եմ, որ այս հարցը թերի է: Ես կցանկանամ, որ երիտասարդությունը հայ մեծանա, որ մեր տները պարսիկներին չծախեն: