Եվրոպական շատ երկրների համբերության բաժակը լցվել է. Ռուբեն Սաֆրաստյանը` Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գերմանիայի կողմից Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը սահմանափակելուն ուղղված քայլերին, ասաց, որ Թուրքիան և Գերմանիան ունեն լավ զարգացած տնտեսական կապեր և Գերմանիան գիտի, թե ինչ է անում և ինչպես պետք է ճնշի Թուրքիային:
«Փաստ է, որ տնտեսական առումով Թուրքիան բավական կապված է Գերմանիայի հետ, և եթե Գերմանիան փորձում է սահմանափակումներ մտցնել Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում, դա արդեն նշանակում է, որ Թուրքիայի համար դա կունենա ցավալի հետևանքներ, թեև դա չի բերի կատաստրոֆայի»,-ասաց նա:
Չնայած դրան` Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ դժվար է կանխատեսել` նման քայլերով Գերմանիան հաջողության կհասնի, թե ոչ, քանի որ Էրդողանի քաղաքականությունը անկանխատեսելի է: «Մինչ հիմա մենք տեսել են, որ Էրդողանը չի խորշել գնալ ավելի սրացման Գերմանիայի հետ հարաբերություններում և թույլ է տալիս անվայել արտահայտություններ Գերմանիայի ղեկավարների նկատմամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հոկտեմբերին կքննարկվի Թուրքիայի՝ Եվրոպական միության անդամ դառնալու շուրջ բանակցությունների ապագան՝ այն դադարեցնելու հարցը, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ելնելով նրանից, որ Գերմանիան բավականին մեծ դեր ունի Եվրամիությունում, Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ ևս կվատանա: Նա նկատեց, որ ԵՄ անդամ մյուս երկրները ևս շատ սուր քննադատության են ենթարկում Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, քանի որ Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են հետապնդման մեջ, բանտերում:
«Այն որ Եվրամիությունը կփորձի վերանայել իր վերաբերմունքը Թուրքիայի ինտեգրման գործընթացում, ես դրանում չեմ կասկածում, սակայն թե վերջնական ինչ արդյունք կունենան և ինչ որոշում կընդունի, դժվար է կանխատեսել: Այն, որ Թուրքիան չի համապատասխանում Եվրամիության ստանդարտներին դա ակնհայտ է, այն որ ԵՄ անդամ երկրի տարածքի մի մասը օկուպացրել է` Կիպրոսը, դա էլ ակնհայտ է: Բայց մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը վերջին տարիներին աչք էր փակում Թուրքիայի այդ գործողությունների նկատմամբ` հույս ունենալով Թուրքիային կապել իր հետ` այս ինտեգրման գործընթացով, սակայն հիմա եվրոպական շատ երկրների համբերության բաժակը լցվել է»,-ասաց նա:
Թուրքագետը նկատեց, որ մյուս կողմից Թուրքիան, ինչպես հատուկ է Էրդողանի քաղաքականությանը, փորձում է շանտաժի միջոցների դիմել, և Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու փորձերն այդ քաղաքականության արտահայտումն է:
Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանի հետ հարաբերությունների վրա ինչպիսի անդրադարձ կունենա Թուրքիայի` Եվրոպայից հեռանալը. Ռուբեն Սաֆրաստյանն ասաց.«Երբ սկսում էր Թուրքիայի ինտեգրման գործընթացը, ես հույս ունեի, որ Թուրքիան կսկսի համապատասխանել եվրոպական ստանդարտներին և Եվրոպայի կողմից Թուրքիայի առաջ դրված պահանջները` իր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական հունով կգնա: Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ինտեգրման գործընթացը, դանդաղում, խաթարվում է, ինչը կնշակի, որ Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա:
Իսկ թե ինչպիսին կլինի Եվրոպական երկրների քայլերն ուղղված Թուրքիայի դեմ և Հայոց Ցեղասպանության գործընթացի առումով, նա ասաց, որ դա կապված կլինի կոնկրետ տվյալ եվրոպական երկրից: