World News in Armenian

Քուրդիստանի հայերը կողմ են անկախությանը, քանի որ այնտեղի իշխանություններից ակնկալիքներ ունեն Արցախի վերաբերյալ․ Քուրդիստանում հայազգի պատգամավոր

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Երվանդ Արմենյանի խոսքով՝ Քուրդիստանում բոլոր  փոքրամասնությունները սեպտեմբերի 25-ին պետք է քվեարկեն անկախության համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ եթե Քուրդիստանի անկախությունը հռչակվի,  դրանից հետո կառավարությունը կբանակցի Իրաքի հետ՝ հասկանալու համար՝ հանրաքվեի արդյունքներ Իրաքի իշխանություններն ընդունու՞մ են, թե՝ ոչ:

Խոսելով Քուրդիստանում հայ համայնքի՝ հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշման մասին՝ նա նշեց․ «Գրեթե 3000 հայ կա Քուրդիստանում: Այստեղ ևս հայ ժողովուրդը անկախություն է ցանկանում: Ինչու՞: Որովհետև Քուրդիստանի այսօրվա իշխանությունները  հայերի հետ են, եկեղեցիներ են կառուցում, նաև հատուկ հայերի համար մշակույթի կենտրոններ, դահլիճներ: Մենք այսօր Քուրդիստանի խորհրդարանում մեկ աթոռ ունենք և բոլոր իրավունքները վայելում ենք ՝ կրթական, մշակութային, ազգային բոլոր իրավունքները: Իրավունք ունենք մեր տոները նշելու: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեծ ազատությամբ նշել ենք»,- ասաց նա:

Քուրդիստանի հայազգի պատգամավորը նկատեց՝ քրդերն այսօր գիտակցում են, որ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ իրենք էլ մեղք ունեն: «Իրենք գիտակցում են իրենց սխալը և ամաչում են իրենց նախնիների արածի համար: Երևի ինչ-որ ձևով փորձում են իրենց մեղքը քավել, դրա համար էլ այսօր մեզ այսքան իրավունք են տվել»,- պատմեց նա:

Երվանդ Արմենյանի խոսքով՝ Հայաստանն արդեն Քուրդիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, երկրի տարածքում բացել է իր հյուպատոսարանը: Նրա խոսքով՝  Քուրդիստանի հայերը կողմ են անկախությանը, քանի որ Քուրդիստանի իշխանություններից  ակնկալիքներ ունեն Արցախի վերաբերյալ: Արցախի կարգավիճակը նույնն է, ինչ-որ Քուրդիստանինն է:

«Քուրդիստանի հայերը կողմ են անկախությանը, քանի որ իշխանություններից  ակնկալիքներ ունեն Արցախի վերաբերյալ: Արցախի կարգավիճակը նույնն է, ինչ որ Քուրդիստանինն է»,- ասաց նա:  Ըստ նրա՝  եթե միջազգային ձևով ընդունվի Քուրդիստանի կարգավիճակը, արդեն կարող ենք ասել, որ Արցախն էլ կարող է անկախ ճանաչվել միջազգային հանրության կողմից: 

Читайте на сайте