World News in Armenian

Ինչու՞ պետք է ԼՂ հիմնախնդիրն այլ երկրի համար կարևոր լինի, այն մեզ համար է կարևոր․ փորձագետը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի դերը հանրության կողմից գերագնահատվելու մասին

Մինչև մենք Ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծենք, երկրները փորձելու են իրենց օգուտը քաղել այդ հիմնախնդրից. փորձագետը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի դերի մասին

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պրոֆեսիոնալ բանակցողներ են, որոնք «բրոկեր» են դառնում հակամարտող կողմերի միջև:  

Նա Tert.am-ի հետ զրույցում  խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի իրական դերակատարման և հանրային ընկալումներում դրա մասին  կարծրացած պատկեցումների վերաբերյալ՝ նրանց միջնորդությամբ կազմակերպվելիք  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարների, իսկ ավելի ուշ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումների ֆոնին:

Փորձագետը նկատեց, որ միշտ էլ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներից հանրության սպասումները շատ մեծ են լինում, այնինչ իրականում կարգավորման գործընթացում որոշումները կայացնողները հակամարտող կողմերն են:

«Միջնորդները կարող են և անում են առաջարկություններ, որոնք քննարկվում են տարբեր կողմերի միջև, և հետո նրանք գալիս են իրենց փոփոխություններով, սեփական առաջարկություններով, համաձայնություններով և անհամաձայնություններով: Կոնկրետ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի պարագայում արդեն 20 տարուց ավելի է քննարկումները ձգձգվում են, որովհետև հարցերը շատ են, խնդիրներ կան, որոնք խոչընդոտ են և այլն: Իսկ բանակցողներից պահանջելը, որ լուծեն հիմնախնդիրը, նրանց դերի գերագնահատում է նշանակում»,- նշեց նա:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրավված դիվանագետների փորձառությունը, անձնական, պրոֆեսիոնալ շահագրգռվածությունը շատ կարևոր է, բայց միևնույն է, վերջնական լուծումը առաջարկում են հակամարտող կողմերը:

Փորձագետը հանրային ընկալումներում կոնկրետ համանախագահների անձով համանախագահող երկրի դիրքորոշումը և հակամարտության լուծումը պայմանավորելը պատճառաբանում է քաղաքական, վերլուծական ճիշտ դիսկուրսի խնդրի առկայությամբ:

«Հայաստանը, ինչպես շատ այլ նախկին խորհրդային երկրներ, շատ մեծ ուշադրություն է դարձնում պաշտոնական կողմին: Երևանում կան ցուցատախտակներ, որտեղ նշված է, թե այս կամ այն երկրի դեսպանատունը որտեղ է գտնվում, որևէ այլ երկրում նման բան չեք գտնի: Իրականում կարևոր չէ, թե որ երկրի դեսպանությունը որտեղ է և կարևոր չէ, թե դեսպաններն ինչ հայտարարություններ են անում: Սա հատուկ է հետխորհրդային երկրներին՝ անձի և պաշտոնի պաշտամունքը միշտ եղել է»,- նշեց նա՝ նա հավելելով, որ գուցե ապագայում նման մոտեցում ունեցողների թիվը նվազի և  ԵԱՀԿ Մինսկի համանախագահների  դեպքում ևս անձի դերը ոչ թերագնահատվի, ոչ էլ գերագնահատվի:

Գևորգ Մելիքյանը բնական համարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընկալվում են որպես այդ երկրիների քաղաքականությունն առաջ տանողներ: «Բայց համանախագահությունն ինքն իր արդյունավետության մասով ընդամենը մի ինստիտուտ է, գործիք, որի միջոցով հակամարտող կողմերը պետք է հասնեն ինչ-որ արդյունքների»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը դժվարացավ նշել, թե հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դիվանագետներից որոնք են ակտիվ աշխատել: Նա նշեց՝ իրեն դա չի հետաքրքրել, քանի որ նրանց անձն իր համար էական նշանակություն չի ունեցել: Ըստ նրա՝  պրոֆեսիոնալ չէ համարելը, որ, օրինակ՝ Մեթյու Բրայզան ադրբեջանամետ է,  Ռիչարդ Հոգլանդն էլ, օրինակ, թուրքամետ։

«Պետք  չէ քաղաքականությանն անընդհատ նայել գավառամտության ակնոցներով, պետք չէ ինչ-որ անհասկանալի, ֆետիշացրած, պիտակավորված կերպարներով ներկայացնել: Բոլորին մականուններ են կպցնում: Ամեն ինչ ասում են, բայց չեն ուզում ընդունել, որ մարդիկ պրոֆեսիոնալ աշխատում են, իրենց պետության շահերն են ներկայացնում և նաև միայն Լեռնային Ղարաբաղը չէ, բազմաթիվ նման խնդիրների լուծման մեջ են ներգրավված»,- ասաց նա:

Նա տարակուսեց՝ ինչու՞, օրինակ,  համանախագահների մեջ հայամետներ չկան: «Եթե օբյեկտիվ աչքով նայենք, իրականում,  ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը բոլորի աչքին հայամետ ֆորմատ է: Ադրբեջանցիները ճղվում են մեջտեղից, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներում հայկական լոբբիստներն են աշխատում: Բայց իրականում այդպես էլ չէ»,- նշեց նա:

Գևորգ Մելիքյանը նաև նկատեց, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում այս պահին քննարկումները Մադրիդյան սկզբունքների շուրջ են տեղի ունենում, և բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը․ «Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պատկերացնել միայն թղթերի  տեսքով: Կա թուղթ, որի շուրջ բանակցում են, և կան մի քանի երկրներ, որոնք բռնել են հակամարտող երկրների ձեռքերը, որ իրար չվնասեն»,- ասաց նա:

Tert.am-ը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկու երկրների ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահները՝ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, բացի ԼՂ հիմնախնդրից, ներգրավված են նաև այլ հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում, իսկ Ռուսաստանի դեպքում՝ Իգոր Պոպովը տարիներ շարունակ զբաղված է միայն ԼՂ հիմնախնդրով: Դիտարկմանը, թե սա ևս ազդակ չէ, թե որ երկրի համար ԼՂ հիմնախնդիրն ինչ առաջնահերթություն ունի, Գևորգ Մելիքյանը պատասխանեց․ «Դա չի նշանակում, որ իրենց համար ԼՂ հիմնախնդիրը կարևոր չէ: Կարևոր չլիներ քսան տարի այս հիմնախնդրով չէին զբաղվի: Եթե ստիպողաբար է, ուրեմն ինչ-որ շահ ունեն: Այստեղ առաջնահերթության և կարևորության հարց չկա, նպատակահարմարության և այլ գործողություններով կարող է պայմանավորված լինել մի շարք հիմնախնդիրներում ներգրավված դիվանագետներին ԵԱՀԿ Մինսկի խմբում նշանակելը: ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է կարևոր լինի մեզ համար: Ինչու՞ պետք է Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ երկրի համար կարևոր լինի, այն մե՛զ համար է կարևոր: Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ստանում բանակցային գործընթացից՝ կարողանու՞մ ենք մեր խնդիրները լուծել, մենք խաղաղության հասնու՞մ ենք: Իսկ մինչև մենք հիմնախնդիրը չլուծենք, երկրները փորձելու են իրենց օգուտը քաղել այդ հիմնախնդրից, դա նորմալ է: Բայց մյուս կողմից էլ՝ դա պետք չի կապել համանախագահների անձի, նրանց ամուսնացած լինել-չլինելու, շախմատ սիրելու կամ Ֆորմուլա 1 նայելու հետ: Չի՛ կարելի»,- նշեց նա:

Читайте на сайте